«Բռավո՜», - Ազգային ժողովում իր ելույթն այսպես սկսեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

«Պետք է ասեմ, որ ընդդիմադիր երկու դաշտը հավասարվեց, երկուսն էլ ընդդիմություն են, չգիտեմ՝ այս մի գիշերվա մեջ ինչ է եղել», - նշեց Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով «Ծառուկյան» ու ԵԼՔ խմբակցություններին։

Նա նշեց, որ իր մոտ տպավորություն է ստեղծվել, որ որոշ քաղաքական գործիչներ ընդհանրապես չեն կարդացել կառավարության ծրագիրը։

«Պարո՛ն Փաշինյան, ձեր դիրքորոշումը Ղարաբաղում, երբ որ մենք շրջում էինք սահմաններում, և ձեր հիացմունքը, թե մենք ինչպես ենք հզորացրել սահմանները, մենք ինչպես ենք կարողացել այդ սարքավորումները տեղադրել, այստեղ լրիվ այլ ելույթներ եք ունենում, դա ընդունելի չէ», - դիմելով ԵԼՔ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանին՝ ասաց Վահրամ Բաղդասարյանը։

Խոսելով իրոնիայով խոսող քաղաքական գործիչների մասին՝ ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասաց, որ ակամայից հիշում է երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանի «պադյեզդի» պատմությունը։

«Ես խնդրում եմ, այդ հեգնանքով խոսող նորաթուխ քաղաքական գործիչները, որոնք որ փարձառու վարչապետի կամ կառավարության մասին խոսում են հեգնանքով, նրանք հիշեն այդ «պադյեզդի» պատմությունը, դա շատ վտանգավոր պատմություն է», - ասաց նա։

Վահրամ Բաղդասարյանի այս խոսքին տեղից ռեպլիկով արձագանքեց Նիկոլ Փաշինյանը, Վահրամ Բաղդասարյանն էլ պատասխանեց. «Դու նորաթուխ չես, է՜, դու բավականին փորձառու ես»։

«Նիկոլ, քո մասին չէր, խի՞ ես վրեդ վեր ունում», - լոռեցու բարբառով արձագանքեց Վահրամ Բաղդասարյանը։

«Մեր մասին տենց չխոսես, շշով կտամ վապշե, պադյեզդի մակարդակ ես ուզում, արի գնանք խոսենք, ընենց կխոսեմ պադյեզդներում՝ աչքներդ կչռվի», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Կարգի՛ հրավիրեք էս երիտասարդին», - արձագանեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը։