Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հունիսի 21-ին խորհրդարանում անդրադարձավ կառավարության նոր ծրագրի վերաբերյալ հնչող քննադատություններին: Ծրագրում բացակայում են հիմնականում վերլուծություններն ու թվային տվյալները: Այն քննադատություններին, թե սա ավելի շատ քաղաքական փաստաթուղթ է, քան տնտեսական, նախարարը պատասխանեց, որ կառավարության ծրագիրը նաև պետք է լինի քաղաքական փաստաթուղթ: Կարայանն ասաց, որ ծրագրի հիմքում դրված տարեկան 5 տոկոս աճով չեն բավարարվելու, գրված է, որ աճը առնվազն 5 տոկոս է լինելու:

«Մենք մանրամասն ենք գրել, գուցե և թվեր չկան, բայց և՛ փիլիսոփայությունը, և՛ թե՝ ինչ ենք ուզում անել, այնտեղ ձևակերպել ենք- հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ կառավարության ծրագիրը ներկայացնելուց հետո: Ողջ հարցը կայանում է նրանում, որ փիլիսոփայությունը բոլորին քաջ հայտնի է, այստեղ որևէ նորություն լինել չի կարող: Հանրությունը ակնկալում էր կոնկրետ խնդիրների շեշտադրում և լուծման ուղիների հստակ մատնանշում, ինչն այս ծրագրում անգամ խոշորացույցի տակ որոնելիս չենք գտնում: Ամենամեծ բացը կարելի է համարել ներդրումների վերաբերյալ կառավարության ծրագրի դրույթները: Կառավարությունը խոստանում է ներդրումային դաշտը բարելավել և էակապես մեծացնել ներդրումների ծավալը, բայց հստակ թվեր չեն նշվում: Մեր զուտ ներդրումները 2017 թվականի մարտի դրությամբ նախորդ տարվա համեմատ կրճատվել են 9 մլրդ դրամով: Հիմա Հայաստանը դրսում ավելի շատ ներդրում է անում, քան այլ երկրները՝ Հայաստանում: Այս ամենի անունը դնում եք ներդրումային քաղաքականությո՞ւն: Մեր ներդրումները երկրից հոսում են, ներդրողը, որը ներդրում է արել Հայաստանում, իր ներդրումը տանում է: Մենք իրականում ձախողում ենք մեր ներդրումային քաղաքականությունը: Մինչդեռ Կարեն Կարապետյանի վարած քարոզչության «կարմիր թելը», ինչպես արդեն բազմիցս արձանագրվել է, ՀՀ տնտեսության մեջ ներդրումների ներգրավումն է, տնտեսական պոտենցիալի օգտագործումը եւ այլն: ներդրումները հետեւանք են այն պայմանների, որոնք ստեղծում է իշխանությունը: Այս համատեքստում անհասկանալի է այն ոգևորությունը, որ տնտեսական բլոկի գերատեսչությունների ղեկավարներն են ի ցույց դնում՝ հանրությանը խոստանալով տնտեսական աճ ապահովել, ներդրումներ բերել: 

Այ հենց այստեղ է, որ, մեղմ ասած, մեծ խնդիրներ են ծագում: Պարզ ասած` այդ պայմանները չեն ստեղծվում: Դա շատ ավելի դժվար է, քան անընդհատ ներդրումների մասին խոսելը: Դրա համար պետք է ապահովել հավասար մրցակցային դաշտ, տարանջատել բիզնեսն ու իշխանությունը, էականորեն նվազեցնել կոռուպցիայի մակարդակը, իշխանության նկատմամբ իրական վստահությունը մեծացնել... Մի խոսքով, դրա համար պետք է «դզել» պետությունը: «Դզել»՝ հիմքից: Սկսած նրանից, որ ընտրությունները չեն կեղծվելու՝ բառի բուն իմաստով: Այսինքն՝ ընտրակաշառքներ չեն բաժանվելու, ադմինիստրատիվ ռեսուրսը չի կիրառվելու, կրիմինալը չի խառնվելու ընտրություններին, դատարաններն արդար են դատելու, պաշտոնյաներն ու նրանց սիրելի օլիգարխները հիմնավորելու են իրենց ստացած յուրաքանչյուր լումայի օրինականությունը...

Ստելլա Խաչատրյան