Կառավարության ծրագրի վերաբերյալ այսօր ԱԺ-ի նիստի ընթացքում թեժ ելույթներ  ունեցան ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները: Մասնավորապես՝ ԵԼՔ-ից Նիկոլ Փաշինյանը սուր քննադատության ենթարկեց Կառավարութան ծրագիրը:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն,  անդրադառնալով այս քննադատությանը, նշեց, որ ԱԺ 6-րդ գումարման երիտասարդ քաղաքական գործիչների քննադատական ելույթները շատ հաճախ անձնավորված են և ուղղված վարչապետին։

«Այստեղ հեգնանքով խոսակցություններ էին գնում, ընդ որում՝ նորաթուխ քաղաքական գործիչների կողմից։ Այստեղ ես ակամայից հիշեցի երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանի «պադյեզդի» պատմությունը։ Ես խնդրում եմ՝ այդ հեգնանքով խոսող նորաթուխ քաղաքական գործիչները, որոնք որ փորձառու վարչապետի կամ կառավարության մասին խոսում են հեգնանքով, նրանք հիշեն այդ պադյեզդի պատմությունը։ Դա շատ վտանգավոր պատմություն է»:

ՀՀԿ-ական պատգամավորի այս հիշեցմանն արձագանքեց Նիկոլ Փաշինյանը. «Եկեք-գնանք՝ պադյեզդներում խոսանք, ընենց կխոսեմ ՝ աչքներդ կչռվի»:

Վեճին միջամտեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը. «Նիկո՜լ, Վահրա՛մ, Նիկո՜լ, Վահրա՛մ»՝ կողմերին խորհուրդ տալով հանդարտեցնել կրքերը: Կոչին միացավ նաև ԱԺ փոխնախագահ Էդուրադ Շարմազանովը: 

Վահան Բաղդասարայնի «պադյեզդային» խոսակցություններին դեմ արտահայտվեց նաև ԵԼՔ-ի մեկ այլ պատգամավոր՝ Գեւորգ Գորգիսյանը. «Պարո՛ն Բաղդասարյան, ուզում եմ Ձեզ հիշեցնել, որ  մեր կուսակցության նորընտիր պատգամավորներն ամեն օր մասնակցել են քարոզարշավին, պադյեզդներով են ման եկել, ու ունեն էն հեղինակությունը, որ իրենց հավաքած ձայներով են հայտնվել այստեղ: Եւ այդ խոսքը վերաբերվում էր Ձեր խմբակցության անդամ հանդիսացողներին ու այն ճանապարհներին, որ ուսխորհուրդներով գալիս, մտնում են ստեղ՝ սրան-նրան քսմսվելով: Չհամեմատե՛ք մեզ ձերոնց հետ»:

ԵԼՔ-ի պատգամավորներն այսքանից հետո  չհանդարտվեցին, և այն ժամանակ, երբ ելույթ էր ունենում վարչապետ Կարեն Կարապետյանը, վրա հասավ ԵԼՔ-ից մեկ այլ պատգամավոր՝ Արարատ Միրզոյանն, ով թղթերը ձեռքին, հայտարարեց, որ այս պահին իր ձեռքում է  30 էջից բաղկացած փաստաթղթերի կապոց, որը նաև փոխանցել է իրավապահ մարմիններին.  «Հարգելի՛ պարոն վարչապետ, հետեւելով Ձեր հորդորին, Ձեզ եմ փոխանցելու քվեարկությունից հետո փաստաթղթերի փաթեթ, որոնք գտնվել են ՀՀԿ-ի շտաբից դուրս բերված եւ աղբարկղ նետված ծրարից, որոնք վկայում են, որ ՀՀԿ շտաբները զբաղվել են ընտրակաշառքի զանգվածային եւ կազմակերպված բաժանմամբ»: