Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը մշտապես Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության օրակարգում է: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:

Պատասխանելով այն հարցին, թե ինչպիսին է Ռուսաստանի արտգործնախարարության գնահատականը ԼՂ շփման գծում տիրող իրավիճակի մասին, Զախարովան ասաց. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ արտահայտված է նաև Ռուսաստանի դիրքորոշումը և վերջին գնահատականը տարածաշրջանում տեղի ունեցող դեպքերի վերաբերյալ: Այն լիարժեքորեն արտահայտում է Ռուսաստանի դիրքորոշումը տվյալ հարցում»:

ԱԳՆ խոսնակը հայտնեց նաև, որ Ռուսաստանի և Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների՝ նախորդ շաբաթ տեղի ունեցած հանդիպման ժամանակ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը մանրամասնորեն չի քննարկվել:

«Կարող եմ ասել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը մշտապես ՌԴ ԱԳՆ օրակարգում է»,- ասաց Զախարովան:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) և Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը տարածաշրջան կատարած այցի արդյունքներով հունիսի 19-ին հայտարարություն են տարածել: Հայտարարության մեջ նշվում է, որ Բաքվի իրենց բանակցությունների ժամանակ համանախագահները խորը մտահոգություն են հայտնել հրադադարի ռեժիմի խախտման վերջին դեպքերի առնչությամբ, որոնք Ադրբեջան կատարելիք իրենց այցի նախօրեին շփման գծում կորուստների պատճառ են դարձել: Նրանք դիմել են Ադրբեջանի ղեկավարությանը՝ խուսափելու հետագա լարումից: Համանախագահները խրախուսում են կողմերին ձեռնարկել միջոցներ, որոնք կնվազեցնեն լարվածությունը շփման գծում և Հայաստանի ու Ադրբեջանի միջազգային սահմանին: Երկու մայրաքաղաքներում համանախագահները կողմերին կոչ են արել բարեխղճորեն և քաղաքական կամք ցուցաբերելով վերաներգրավվել բանակցություններում: Նրանք ընդգծել են, որ սա միակ եղանակն է, որի միջոցով հնարավոր է բերել տևական խաղաղություն տարածաշրջանի ժողովուրդներին, ովքեր ակնկալում են և արժանի են առաջընթացի և հակամարտության կարգավորման: