Արցախում հունիսի 16-ին վիրավորում ստացած եւ ուղղաթիռով Երեւան տեղափոխված ժամկետային զինծառայող Արմեն Վարդանյանի առողջական վիճակը կայունանում է, դրական տեղաշարժ կա: Այս մասին ասել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմաբժշկական վարչության պետ գնդապետ Կամավոր Խաչատրյանը: «Կատարվում են ակտիվ բուժական միջոցառումներ»,-ասաց նա:

ՀՀ ՊՆ «Մուրացան» կենտրոնական կլինիկական հոսպիտալում գտնվող երկրորդ ժամկետային զինծառայողի վիճակը, ով եւս տեղափոխվել է Արցախից, շարունակում է մնալ ծայրահեղ ծանր:

Կամավոր Խաչատրյանի խոսքով` Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայում գտնվող զինծառայող Մյասնիկ Հովհաննիսյանը շարունակում է բուժումը: «Արդեն իսկ կատարվել է մեկ վիրահատություն: Տեսողության գնահատում կիրականացնենք»,-ասաց նա:

Ադրբեջանական կողմը հաստոցավոր հակատանկային նռնականետերից հունիսի 16-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Արայիկ Ռուդիկի Մատինյանը (ծնված 1997թ.), Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը (ծնված 1997թ.) և Վարդան Ծովակի Սարգսյանը (ծնված 1997թ.): Վիրավորված երեք զինծառայող տեղափոխվել է Երևան: