«Ծովակալ Էսսեն», «Ծովակալ Գրիգորովիչ» ֆրեգատները եւ «Կրասնոդար» սուզանավը թեւավոր հրթիռներով «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչների խոշոր զինապահեստներ են ոչնչացրել Սիրիայում: Այդ մասին հունիսի 23-ին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

«Միջերկրական ծովի ջրատարածքի արեւելյան մասից «Ծովակալ Էսսեն», «Ծովակալ Գրիգորովիչ» ֆրեգատներով եւ «Կրասնոդար» սուզանավով Ռուսաստանի ռազմածովային նավատաորմը վեց «Կալիբր» թեւավոր հրթիռ է արձակել Սիրիայում ԻՊ ահաբեկչական խմբավորման օբյեկտների վրա»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ հրթիռահարվածի արդյունքում ԻՊ-ի կառավարման կետեր, ինչպես նաեւ զենքի ու զինամթերքի խոշոր պահեստներ են ոչնչացվել Համայի նահանգի Ակերբատ բնակավայրի շրջանում:

ՌԴ պաշտապանության նախարարությունում ընդգծել են, որ «Կրասնոդար» սուզանավը հրթիռներն արձակել է ստորջրյա դիրքից: «ԻՊ-ի ողջ մնացած զինյալներն ու օբյեկտների մնացորդները ոչնչացվել են Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռմբակոծիչների հարվածներով»,- հավելել են գերատեսչությունում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: