Այս գիշեր Արթիկ քաղաքում բնակելի շենք է վթարվել: Այս մասին այսօր Կառավարության հերթական նիստի ընթացքում հայտարարեց Կառավարության ղեկավար Կարեն Կարապետյանը: Վերջինս նախարար Դավիթ Լոքյանից հետաքրքրվեց՝ ինչ շենք է և ինչ մանրամասներ կարող է վերջինս հաղորդել: Դավիթ Լոքյանը տեղեկացրեց, որ այս գիշեր Արթիկում բնակելի շենքը վերից վար ամբողջությամբ ճաքել է, տեղի է ունեցել քարաթափում: Շենքի բնակիչներին շատ արագ տարհանել են: 

Նախարարը հայտնեց Կառավարությանը, որ այս պահին շենքի բնակիչները փաստացի հայտնվել են դրսում և խնդրեց Կառավարության ղեկավարին՝ արագ միջոցներ ձեռք առնել նրանց օգելու համար: 

Կարեն Կարապետյանը հետաքրքվեց ԱԻՆ նախարար Դավիթ Տոնոյանից՝ ինչ աշխատանքներ է իրականացվել: Տոնոյանը զեկուցեց, որ թեև գիշերը շենքի բոլոր բնակիչները տարհանվել են, և թեև իրենք վստահեցրել են, որ վտանգը պահպանվում է, առավոտյան 11 ընտանիք վերադարձել են իրենց բնակարանները: 

Կարեն Կարապետյանը հանձնարարեց Դավիթ Լոքյանին և Դավիթ Տոնոյանին՝ Կառավարության այս նիստից հետո արագ տեմպերով սկսել քննարկումներ՝ հարցին լուծում տալու համար. «Նիստից հետո եկեք հավաքվենք, տեսնենք ինչպես ենք կարողանում հարցը լուծել»,-ասաց վարչապետը: