ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը երեկ անուղակի կերպով սպառնում էր քաղաքական ընդդիմությանը՝ ԵԼՔ-ին: Նախ Բաղդասարյանը հիշեց երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանի պատմական ելույթը, որտեղ Հովհաննիսյանը հանրապետականներին ասում էր. «Ձեզ դալաններում կծեծեն»:

 

Վահրամ Բաղդասարյանը իր կուսակցությանն ուղված այդ հայտարարության սլաքներն ուղղեց ԵԼՔ-ին, ակնարկելով. «Ձեզ դալաններում կծեծեն»:

 

Սա անուղղակի սպառնալիք էր, և եթե հետագայում որևէ պատգամավորի կամ ընդդիմադիր գործչի հետ դալաններում կամ «պադյեզդներում» ծեծեն, կարելի է հարցնել պարոն Բաղդասարյանին.

 

«Պարո՛ն Բաղդասարայան, դուք ի՞նչ գիտեիք այդ մասին»: Բայց «դալանային» սպառնալիքը Բաղդասարյանի ելույթի նախերգանքն էր: Բաղդասարյանը խոսեց նաև ԵԼՔ  դաշինքի՝ ըստ նրա՝ ապագա պառակտման մասին:

 

Իհարկե, պառակտման մասին նրան հակադարձեց Էդմոն Մարուքյանը, հորդորելով հանգիստ քնել, քանի որ իրենք չեն պառակտվելու: Բայց այդ ամենից հետո Բաղդասարյանը պնդեց.

 

«Մի փոքր համբերեք, համբերեք մինչև 18 թվականը»: Բաղդասարյանը սառնասրտորեն համբերելու կոչ արեց, ակնարկելով, որ 2018 թվականից հետո ԵԼՔ դաշինքը փլուզվելու է:

 

Առաջ քաշենք 2 վարկած: Առաջին վարկածն այն է, որ Վահրամ Բաղդասարյանն իրեն և իր կուսակցությանը համարում է ԵԼՔ դաշինքի «հայրը» և իրեն դրել է Գոգոլի տեղն ու կանի այնպես, որ «Տարաս Բուլբան սպանի իր որդուն». «Ես քեզ ծնել եմ, ես էլ քեզ կսպանեմ»սկզբունքով: Նկատենք, որ շատ հաճախ, հիմնականում արտախորհրդարանական ուժերը, ԵԼՔ դաշինքը համարում են ՀՀԿ-ի ընդդիմադիր պրոյեկտ:

 

Բաղդասարյանի այս՝ պառակտման մասին հայտարարությանը քաղաքական գնահատական դեռ չի տրվել: Հասարակությունը ԵԼՔ դաշինքից պետք է պատասխան ստանա. «Ինչո՞ւ էր ՀՀԿ-ն վստահ, որ ԵԼՔ-ը պառակտվելու է»: Չէ՞ որ այդ ամենի մեջ կար ոչ միայն սպառնալիք, այլ նաև ակնարկ, որ ԵԼՔ-ի «քաղաքական հայրը» ՀՀԿ-ն է:

 

Երկրորդ վարկածն այն է, որ Վահրամ Բաղդասարյանը փորձում է խաղալ ԵԼՔ դաշինքի նյարդերի հետ՝ այդ կերպ նրանց դաշտում կռիվ գցելով: Այդ դեպքում, գուցե ինչ-որ բան ակնկալվի:

 

Եթե հավանական է երկրորդ տարբերակը, որով փորձ է արվում խաղալ ԵԼՔ-ի նյարդերի հետ, առաջիկայում կտեսնենք նոր դրսևորումներ: Չի բացառվում, որ ՀՀԿ-ն փորձի կռիվ գցել ԵԼՔ-ի մեջ, որպեսզի կարողա պառակտել այդ ուժին: ՀՀԿ-ի համար դա «մեկից-մեկ է»: Նրանք ունեն այդ՝ «Բաժանիր որ տիրես» սկզբունքի փորձը: 

 

Ամեն դեպքում, ինչն էլ լինի Բաղդասարյանի հայտարարության պատճառը, պետք է արձանագրենք, որ նա և իր կուսակցությունը հեռու գնացող ծրագիր ունեն ընդդիմության մասով:

 

Արսեն Սանամյան