Գաղտնիք չէ, որ քաղաքականության մեջ ամենագնահատելի ու կշիռ ունեցող գործիքակազմերից մեկն էլ ԶԼՄ-ներն են. հենց դրանք են գլխավորապես հանդիսանում հասարակական կարծիքի ձևավորողներն ու հասարակության տրամադրության վրա ներազդողները: Իսկ ինչպես հայտնի է, ոչինչ քաղաքականության մեջ այնքան չի արժևորվում կամ գնահատվում, որքան մարդկային հոգեբանության վրա ազդեցություն թողնող  երևույթները. քաղաքացին նախ մտածում է, հետո միայն քվեարկում: Վարչապետ Կարեն Կարապետյանի նկամամբ որոշ հայկական ԶԼՄ-ների վերաբերմունքը մի տեսակ երկակի տպավորություն է թողել:

Չնայած վարչապետի կառավարման  սկզբնական շրջանում հստակորեն նկատվում էր դրական վերաբերմունք թե՛ վարչապետի, թե՛ նրա թիմի նկատմամբ, սակայն ժամանակի ընթացքում հետզհետե կարծես այդ վերաբերմունքը փոխվեց. հիմա արդեն կարելի է ֆիքսել, որ ճիշտ հակառակ երևույթն է սկսում նշմարվել մեդիա դաշտում, ու եթե նախկինում վարչապետին քննադատում էին միայն օբյեկտիվ, անկախ դաշտում գտնվող լրատվամիջոցները, ապա այժմ  քննադատողների թվին ավելացել են նաև իշխանական ճամբարի ազդեցության տակ գտնվող  ԶԼՄ-ները. սկսել են առիթը բաց չթողնել՝ կառավարության թերությունները մատնանշելու, խնդիրները վեր հանելու, ուր հիմնական թիրախ են դառնում հատկապես Կարապետյանի թիմը ներկայացնող նախարարները, և այս ամենը նույնիսկ «ձվի մեջ մազ փնտրելու» աստիճան մանրակրկտությամբ: Համապատասխան միտումները կարծես է՛լ ավելի տեսանելի են դառնում 2018-ին ընդառաջ, որն, ինչպես հայտնի է, բնավ էլ սովորական տարեթիվ չէ մեր երկրի համար:

Եթե փորձենք ընդհանուր գնահատական տալ այսօր մեդիա դաշտում ստեղծված իրավիճակին, ապա պետք է նկատենք, որ այն Կարապետյանի վերահսկողությունից գրեթե լիովին դուրս է գտնվում, ինչը պետք է վարչապետի լրջագույն բացթողումը համարել. վերջինս, փաստացի, չունենալով  ազդեցիկ մեդիա ռեսուրսներ ու այդպիսով չկարողանալով իր ու իր թիմի կողմից կատարված նույնիսկ դրական քայլերն ինչպես հարկն է մատուցել հասարակությանը,  կամա-ակամա՝ հայտնվում է հարվածի տակ, չափազանց խոցելի վիճակում՝ գտնվելով կատարյալ կախվածության մեջ՝ ուրիշներից:

Իսկ փաստը, որ ցանկացած ինքնուրույն գործչի համար ԶԼՄ-ների գոնե որոշակի աջակցությունը միշտ էլ կենսական անհրաժեշտություն է, հավելյալ ապացույցների կարիք չի զգում, քանի որ հասարակությունը կարդում ու մտապահում է այն, ինչ նրան հմտորեն ու նրբորեն հրամցնում են. Կարապետյանն ու իր թիմն այսօր չեն տիրապետում այդ կարևոր գործիքին՝ հայտնվելով քաղաքական տեսանկյունից խիստ անբարենպաստ վիճակում՝ դրանից բխող բոլոր հետևանքներով հանդերձ…

 

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ