Պարեկապահակային ծառայության գրավման գործով մեղադրվող Արայիկ Խանդոյանը հունիսի 21-ին Ավան և Նոր Նորք վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան բերվելուց առաջ խուզարկության է ենթարկվել, որի արդյունքում նրա մոտ արգելված իր է հայտնաբերվել: Ինչպես տեղեկացրին ՀՀ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից, նրա մոտից  հայտնաբերվել է գումար, որը  ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգի խախտում է: Արգելված իրը առգրավվել է:

Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում հունիսի 21-ին տեղի ունեցած երկրորդ դատական նիստի ժամանակ դատավոր Արտյուշ Գաբրիելյանը Արայիկ Խանդոյանի նկատմամբ կիրառել է սանկցիա` 6 ժամով հեռացնելով դատական նիստերի դահլիճից:

Արայիկ Խանդոյանին  մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 3 մասի ( ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որոնք կատարվել են կազմակերպված խմբի կողմից), 218-ի 3 մասի 1 կետի (պատանդ վերցնելը,, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից) և 238 հոդվածի (զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կամ շորթելը) 4 մասի 1 ու 2 կետերի հատկանիշներով: