Հայաստանում թիվ մեկ հարցերից մեկն էլ, թերևս, այն է, թե հատկապես որը կամ ինչը պետք է համարել տնտեսական հնարավոր առաջընթացը փաստող հստակ ցուցանիշ: Նորություն չէ, որ պետական վիճակագրությունը վաղուց մեզանում հեղինակազրկվել է. չնայած՝ խոսուն թվերի ու տոկոսների պակաս առանձնապես չկա, սակայն որևէ մեկին դրանք վաղուց հավատ չեն ներշնչում: Վերջին 5 ամիսներին Հայաստանի տնտեսական աճի մասին իբր փաստող  թվերը նույնպես, ինչպես և սպասելի էր, վատ տեսք չունեն. 24% ներմուծման աճ, 21% արտահանման աճ, ՀՆԱ-ի 6,4% աճ: Բայց թե իրականում այս թվերը որքանով իրական աղերսներ ունեն հայաստանյան իրականության հետ կամ, առավել ևս, շարքային քաղաքացիների կենսակերպի, խիստ յուղոտ հարցականի տակ է մնում:

Դատելով, սակայն, Խոսրով Հարությունյանի՝ վերջին ասուլիսին հնչեցրած մտքերի տրամաբանությունից՝ այս թվերը ոչ միայն միանգամայն իրական են, այլև նույնիսկ լիովին չեն արտահայտում Հայաստանում գրանցված տնտեսական առաջընթացը. մեր երկրում տնտեսական աճը շատ ավելին կարող է լինել, քան անգամ պաշտոնական թվերն են վկայում: Իսկ որպես Հայաստանի անկասելի առաջընթացի վառ ու անգերազանցելի ապացույց Հարությունյանը մատնանշել է վերջին ամիսներին Հայաստան ներկրված ավտոմեքենաների սպառման բարձր տեմպերը: «1800 մեքենա անցած տարվա նոյեմբերին ներկրվել է Հայաստան, բոլորն էլ իրացվել են: Մի բան ակնհայտ է` որակական փոփոխություն կա, մնացածը պետք է վերլուծել: Ես սրանք համարում են երաշխիք, մեկ ուրիշը` գոլ»,- իր խոսքում հպարտորեն ընդգծել է Խոսրով Հարությունյանը:

Այն, որ իշխանական կուսակցության  պատգամավորներն երբեք չեն թաքցրել իրենց ցանկությունը՝ երփներանգ գույներով ներկելու հայաստանյան իրականությունն ու համոզելու իրենք իրենց ու հանրությանը, թե երկիրն իբր տարեցտարի միայն ծաղկում է, հայտնի բան էր վաղուց, բայց որ բանը կհասներ ներկրված1800 ավտոմեքենաներին ու դրանց վաճառքին, քչերը, թերևս, կպատկերացնեին:

Թե հատկապես ինպե՞ս կարող է 1800 հատ մեքենայի վաճառքը կոնկրետ փաստարկ դառնալ Հայաստանի զարգացման, կամ  ինչպես կարող է այդ թիվը վկայել երկրում ասենք ծայրահեղ սոցիալական բևեռացվածության ավարտի մասին, ենթադրելի է, գիտի միայն Հարությունյանը, սակայն  տնտեսագիտական մտքի գիգանտ պետք չէ լինել՝ հասկանալու համար, որ ՀՀԿ-ական պատգամավորի մեջբերած թվերը ոչինչ իրականում չեն կարող փաստել. Հայաստանի խնդիրը ոչ այնքան  երկրում փող չլինելն է, որքան՝ հասարակության բևեռացվածությունը: Հետևաբար՝ 1800 թիվը որևիցե բանի մասին չվկայող ցուցանիշ է ի սկզբանե, ու թո՛ղ Խոսրով Հարությունյանը չփորձի զուր տեղը քողարկել երկրում ստեղծված տնտեսական իրական պատկերը:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ