Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ երեկ գիշեր Արթիկ քաղաքում Սասունցի Դավթի փողոցի թիվ 13 շենքի արտաքին պատը փլուզվել է, շենքը վերից վար ամբողջությամբ ճաքել է, տեղի է ունեցել քարաթափում: ԼՈւՐԵՐ.com-ը փլուզված շենքի և տարհանված քաղաքացիների հետագա ճակատագրի վերաբերյալ փորձեց տեղեկատվություն ճշտել Արթիկի քաղաքապետարանից:

Քաղաքապետարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից մեզ հայտնեցին, որ արդեն հստակեցված են վերջնական տվյալները, ըստ որոնց, փլուզման օրը գիշերը շենքից դուրս է բերվել 20 հոգի՝  6 ընտանիքի անդամներ, իսկ շենքի  4 բնակարանների դռներն էլ փակ են եղել, դրանցում բնակիչներ չեն եղել:

Հարցին՝ Արթիկի քաղաքապետն ու մարզպետարանը լուծման ի՞նչ տարբերակ են առաջարկել անտուն մնացած շենքի բնակիչներին, մեր զրուցակիցը պատասխանեց.  «Այս պահին Արթիկի քաղաքապետը մարզպետարանի համապատասխան ներկայացուցիչների հետ քննարկում է տարհանված բնակիչներին կեցության վայր տրամադրելու հարցը: Քանի որ քաղաքապետարանը նման արտակարգ դեպքերի համար չունի ո՛չ հանրակացարան, ո՛չ  կեցության համար նախատեսված այլ բնակավայր, ուստի, ամենահավանական տարբերակը բնակիչներին հյուրանոցում տեղավորելն է»:

Հարցին՝ քաղաքապետարա՞նն է հոգալու բնակիչներին հյուրանոցում տեղավորելու ծախսերը, վերջինս պատասխանեց. «Ֆինանսական բեռը կկիսեն քաղաքապետարանն ու մարզպետարանը համարտեղ»:

ԼՈւՐԵՐ.com_ին ԱԻՆ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրեցին նաև,որ քարաթափման գիշերը շենքից դուրս բերված բնակիչներից թվով 11 հոգի՝ 4 ընտանիքի անդամներ, նորից ետ են գնացել իրենց բնակարանները: Այս մասին օպերատիվ տեղեկատվությունը հունիսի 23-ի առավոտյան Կառավարության նիստում վարչապետին զեկուցել է նախարար Դավիթ Տոնոյանը:

«Այդ քաղաքացիների հետ, սակայն, տարվել է բացատրական աշխատանքներ և նրանք հավաքել են իրենց իրերը, հեռացել են իրենց բնակարարններից և այս պահին գտնվում են բարեկամների տներում»: 

Թե անտուն մնացած բնակիչներն ի՞նչ պայմաններում կհայտնվեն և քաղաքապետարանն ու մարզպետարանը լուծման ի՞նչ տարբերակ կառաջարկեն  նրանց ԼՈւՐԵՐ.com-ը հետամուտ կլինի և կներկայացնի իր ընթերցողին: 

Աղավնի Սուքիասյան