ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանն ասում է, որ ՀՀԿ–ն իշխանություն կլինի մինչեւ 2040 թվականը։

«Այսօր Հայաստանում չկա որեւէ այլ քաղաքական գործիչ, որն ավելի մեծ թիմ ունենա եւ մասնակցած լինի Հայաստանի անկախացման ամբողջ պրոցեսին եւ պատասխան տա անկախության համար։ Չկա քաղաքականության մեջ նման անձնավորություն, մի գուցե նման անձնավորություններ կան, որ մասնակցել են ամեն ինչին, բայց նրանք քաղաքական այսօրվա երեւույթներին դեռեւս մասնակից չեն, դրա համար երկիրը պիտի ղեկավարի Սերժ Սարգսյանը»,- ասել է նա:

Փաստացի, սա Սերժ Սարգսյանի ՝մինչև 2040 թվականը ձգվող տեսլականի արտահայտումն է, ՀՀԿ հավերժ իշխանության դիրեկտիվը նախագահը իր կուսակցությանը իջեցրել է դեռևս նորընտիր ԱԺ-ի առաջին նիստում ունեցած ելույթում: Ընտրություններից հետո «Հանրապետական» կուսակցությունը լծվել է սեփական անփոխարինելիության գաղափարը հանրության լայն զանգվածներին պարտադրելու սուրբ գործին: Սրանով ՀՀԿ-ականները բացահայտ ձեռ են առնում հասարակությանը, կարծես մարտահրավեր նետելով՝ թե կարող եք ազատվեք մեզնից, թե ոչ՝ դիմացեք: Կարծես թե իշխող կուսակցությունը իրապես ցանկանում է կրկնել կոմունիստական կուսակցության փառապանծ ուղին, մնում է միայն пятилетку за три года կարգախոսը հռչակել: Անգամ  հռչակած հանրապետականի սերնդափոխության և նոր ոգու գաղափարը ոչ այլ ինչ էր քան հասարակ ֆիկցիա՝ փուչիկը արդեն իսկ պայթում է և պարզ է դառնում, որ նորերը լավագույն դեպքում կրկնում են հներին, այն էլ՝ բավականին անտաղանդ:

Իսկ ինչպե՞ս է պատրաստվում հանրապետականը իշխել մինչև 2040-ը մի պարագայում, երբ նրանց ղեկավարությամբ երկիրը հետընթացից զատ այլ արդյունք չի արձանագրում: Շատ պարզ. Սերժ Սարգսյանը կշարունակի ղեկավարել Հայաստանի հանրապետական կուսակցությունը, որի իշխող կարգավիճակը կախված չէ նրանից, թե ինչ է գրված Սահմանադրությունում: Պետական կառույցները վերահսկվում են նրա կողմից, և ՀՀԿ-ն մեծամասնություն ունի նոր խորհրդարանում՝ իր ղեկավարին ինքնըստինքյան ապահելով ամենաազդեցիկ կարգավիճակն՝ իշխանությունում: 
Հանրապետակականը ատամներով պայքարեց երկրում խորհրդարանական կառավարման համակարգ հաստատելու համար:Եվ դա արեց բնավ ոչ այն պատճառով, որ այս համակարգը մյուսներից արդյունավետ է կամ հարմար: Նոր համակարգի պայմաններում իշխանությունը այլևս չի վերահսկվում հասարակության կողմից, ասել է թե ՝ ՀՀԿ-ն արգելափակել է ժողովրդի մասնակցությունը երկրի կառավարմանը: Ստեղծված վիճակի համար դժվար է մեղադրել միայն իշխող կուսակցությանը, սեփական իշխանությունը հավերժ դարձնելուն միտված այս բոլոր քայլերը կատարվել են առանց դիմադրության, մրցակցության լիակատար բացակայության պայմաններում:

Դժվար չէ, իհարկե, կռահել, թե ի՞նչ կլինի մեր պետության հետ, եթե ՀՀԿ-ն շարունակի իշխել մինչև 2040-ը: Այս պահին իշխող քաղաքական ուժի բոլոր քայլերը ուղղված են ընդհամենը ՀՀԿ տնտեսական-քաղաքական արտոնությունների ամրապնդմանը և լեգալիզացմանը: Երբ հանրապետականները ասում են «քանի Հայաստանը կա` ՀՀԿ-ն է իշխելու», իրականում այլ բան են ասում` «մինչեւ Հայաստանը չվերանա, ՀՀԿ-ն իշխանությունից չի հեռանա»։ Ընդ որում, խնդիրն այստեղ այն է, որ, փաստորեն, նրանք չեն կարողանում դուրս գալ ստանդարտ, արդեն ավանդական դարձած հռետորաբանությունից և այլ մակարդակի խոսակցություն վարել հասարակության հետ՝ նրան անընդհատ քաշելով նույն գետը, որը անցկացնում են 1996 թվականից՝ փոփոխական, իսկ 2009 և 2013 թվականներից ի վեր՝ գրեթե անփոփոխ կազմով: Իսկ սա ՀՀԿ-ի միահեծանությունը չարդարացնող, բայց ամրացնող գործոն է՝ անընդհատ ասել նույն բանը, իսկ հետո ասածի հակառակ նույն բանը անել:

Ստելլա Խաչատրյան