Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրենների խորհուրդը (ԱՄՀ) որոշել է հատկացնել Հայաստանին 21.6 մլն դոլարի հերթական վարկը: Այս մասին ժամեր առաջ հաղորդել է ԱՄՀ մամլո ծառայությունը, որը գտնվում է ԱՄՆ-ի մայրաքաղաքում:

ՀՀ կառավարությունը վաղուց արդեն միջազգային վարկերի միջոցով է երկրում առկա շատ խնդիրներ լուծում:Առհասարակ, նորմալ է, երբ մի որևէ երկիր, իր համար կենսական նշանակություն ունեցող ինչ-ինչ ծրագրեր իրագործելու կամ հարցեր լուծելու համար դրամական միջոցներ չի ունենում և պարտք է վերցնում այլ պետություններից կամ միջազգային կազմակերպություններից: Ու նորմալ է, որ Հայաստանը, ինչպես և աշխարհի մնացած բոլոր երկրները, իր ծրագրերի իրականացման համար վարկեր, փոխառություններ է վերցնում: Սակայն մեր քրեաօլիգարխիկ տնտեսական-քաղաքական համակարգի պայմաններում այս վիճակն իդեալական է իշխանությունների ու աղետաբեր՝ հասարակության համար: Հեշտ վարկերը դարձել են զարգացման ռեսուրս ունեցող ներդրումների թշնամին: Քանի իշխանություններն ունեն «սնուցման» աղբյուր, նրանք չեն մտածելու կոռուպցիայի և մենաշնորհների դեմ իրական պայքար մղելու, ներդրումային միջավայրը բարելավելու մասին, եթե նույնիսկ Հայաստանում ԱՄՆ դեսպանի շուրթերից մեկ ամսվա ընթացքում երեք անգամ հնչում է ութ միլիարդ դոլարի խիստ գրավիչ առաջարկությունը: Հայաստանը բազմաթիվ վարկեր, փոխառություններ, դրամաշնորհներ է ստացել, օրինակ՝ դատաիրավական ոլորտի բարեփոխումների համար: Թե ինչ արդյունքներ ենք արձանագրում այս ոլորտում, թողնում ենք հասարակության գնահատականին: Փաստն այն է, որ բնակչության մեկ շնչին ընկնող պարտքի բեռն այս պահին գերազանցում է 1500 դոլարը: ՀՀ պետական պարտքը 2017թ.-ի ապրիլի վերջի դրությամբ գերազանցեց 6 մլրդ 37 մլն ԱՄՆ դոլարի սահմանագիծը: Երկրի արտաքին պարտքը կազմում է 4 մլրդ 852 մլն ԱՄՆ դոլար, իսկ ներքին պարտքը հասել է 1 մլրդ 185 մլն ԱՄՆ դոլարի: Արդյունքում այսօր արդեն յուրաքանչյուր նոր ծնվող ՀՀ քաղաքացի արդեն իսկ ունի 2000 ԱՄՆ դոլարի հասնող պարտք:

Կառավարությունը ստիպված է ապավինել արտասահմանյան վարկերին, քանի որ խոստացված և այդքան սպասված ներդրումները այդպես էլ տեղ չեն հասնում: Ձևավորվել է մի փակ շղթա, երբ իշխանությունները հեշտ վարկեր ստանալու հնարավորություն ունենալով, որևէ ջանք չեն գործադրում ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ: Իսկ ներդրումներ չկան, քանի որ, ներդրումներն ուղղվում են այնտեղ, որտեղ նպաստավոր պայմաններ կան, որոնց մեջ մտնում է նաեւ ավելի մեծ շահույթ ապահովելը: Իսկ Հայաստանը այդ երկիրը չէ, մենք ռիսկային երկիր ենք: Ներդրումների համար հարկավոր է խաղաղություն, ցածր հարկեր եւ քիչ թե շատ խելացի օրենքներ: Մենք խաղաղություն չունենք, ցածր հարկեր՝ նույնպես, իսկ խելացի օրենքների հետ կապված կասկածներ ունեմ: Քանի որ մեզ մոտ օրենսդրական դաշտը ամեն տարի քրքրում են ու փոփոխում: Բայց այս ամենից զատ գլխավոր պատճառը մեր տնտեսական-քաղաքալան համակարգի քրեաօլիգարխիկ բնույթն է: Նաև սա է Հայաստանի իշխանությունների և մեր երկրում ԵՄ պատվիրակության հարաբերությունների այսօրվա ճգնաժամի խորքային պատճառներից մեկը: Բրյուսելն, ըստ ամենայնի, ամենամեծ դասն է քաղել ապրիլի 2-ի ընտրություններից և այլևս չի ցանկանում մասնակցել Հայաստանի իշխանությունների համակարգային բարեփոխումների իմիտացիային կամ որ նույնն է՝ քրեաօլիգարխիկ ստատուս քվոյի ամրապնդմանը:

Այսպիսով, կառավարությունն իր խոստացած 5 %-ի տնտեսական աճն ապահովելու համար շատ մեծ ջանքեր պետք է թափի, որովհետև Հայաստանի տնտեսությունը ծանր հիվանդ է։ Եթե որոշել են «թարմ արյուն» ներարկել, ստիպված պետք է այնպիսի վերականգնողական մեթոդներով աշխատեն, որ նախ հիվանդին մահվան դռնից հետ բերեն, հետո միայն վիճակը կայունացնելու մասին մտածեն։ Նորմալ տնտեսություն ունեցող երկրներում 5 % աճը փոքր ցուցանիշ է, Հայաստանի դեպքում` շատ մեծ։ Եթե խնդիր դրված չէ` ընդամենը «յոլա գնալու» ծրագիր ներկայացնել ու ժամանակավոր աճի իմիտացիա ստեղծել, պետք է տնտեսության խաղի կանոնները հիմնովին փոխել և կիսատ քայլերով չդոփել տեղում՝ հույսներն արտասահմանյան վարկերին դրած: Կարծում ենք` վարչապետը շատ լավ հասկանում է սա։

Ստելլա Խաչատրյան