Վրաստանի Մառնեուլի-Թբիլիսի ավտոճանապարհին վթարված, ուղևորափոխադրում իրականացնող հայկական ավտոբուսը պատկանում է «Ալբերտ տուր» ընկերությանը: Ընկերությունը մասնակցել է Երևան-Բրյանսկ ուղղությամբ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելու համար հայտարարված մրցույթին: Սակայն վթարված ավտոբուսը ներգրավված չի եղել մրցույթին ներկայացված տրասնպորտային միջոցների ցանկում։ Այն անօրինական ուղևորափոխադրում է իրականացրել։ Այս մասին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից։

Դրանից բացի, գործունեության ընթացքում ընկերությունը թույլ է տվել մի շարք խախտումներ, որոնց համար ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության տրանսպորտային տեսչության կողմից 2017թ. մայիսի 23-ին տուգանվել է 450 հազար դրամով, իսկ հունիսի 13-ին՝ 900 հազար դրամով։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարությունը հունիսի 25-ին, ժամը 11:08-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից նախնական տեղեկություն է ստացել, որ Թբիլիսի-Գարդաբանի ավտոճանապարհի 35-րդ կմ-ին Մոսկվա-Երևան երթուղին իրականացնող «Scania» մակնիշի 97 DT 777am պետհամարանիշով ավտոբուսը (վարորդ՝ Արա Հովհաննիսյան) բախվել է «Nissan Tiida» մակնիշի IL100KA պետհամարանիշով ավտոմեքենային (վարորդ՝ Էթերի Գավաշելիշվիլի):

Ժամը 13:04-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից նախնական տեղեկություն է ստացվել, որ ՃՏՊ-ն տեղի է ունեցել Մառնեուլ-Թբիլիսի ավտոճանապարհին՝ Տսալասկուրի գյուղի մոտակայքում, և ավտոբուսի ուղևորներից կան տուժածներ՝ Մարգարիտա Մարտիրոսյան (60 տ), Բարբարա Պետրոսյան (60 տ) և Մարգարիտա Կիրիևա (78 տ): Մարգարիտա Մարտիրոսյանն ու Բարբարա Պետրոսյանը տեղափոխվել են Մառնեուլ քաղաքի հիվանդանոց, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել: