ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը համամիտ չէ Համաշխարհային բանկի վերջին զեկույցում հնչեցված դրույթների հետ, ըստ որոնց, Հայաստան-ԵՏՄ համագործակցությունը բավարար ազդեցություն չի ունեցել Հայաստանի տնտեսության զարգացման վրա. «Հայաստան-ԵՏՄ տնտեսական  համագործակցությունը, վստահաբար կարող եմ ասել, մեր տնտեսության վրա ունեցել է դրական ազդեցություն: Հագործակցությունը ԵՏՄ-ի հետ՝ մեզ տվեց մեծ արդյունք և տնտեսական վիճակի էֆեկտները կան և արդյունք են տալիս»: 

Վաչե Գաբրիելյանը, խոսելով զեկույցում առանձնացված դրույթի հետ, թե Հայաստանում գործարարության զարգացմանը խոչընդոտում են մենաշնորհն ու կոռուպցիան, նշեց, որ մենաշնորհների և կոռուպցիայի դեմ պայքարի մասին խոսել է նաև Կառավարությունը՝ ծրագրում հստակ ամրագրելով պայքարի մեխանիզմներ: «Գործարար միջավայրը բաղկացած է բազմաթիվ գործոններից և Կառավարությունը անում է քայլեր՝ բիզնես միջավայրի զարգացման համար»,-նշեց Վաչե Գաբրիելյանը

Լրագրողների դիտարկմանը՝ Կառավարությանն օրերս ԵԼՔ դաշինքը մեղադրեց միայն ԵՏՄ անդամ երկրներ գործուղումներ կատարելու մեջ, ինչը վկայում է, որ ԵՄ հետ հարաբերություններն այնքան էլ ակտիվ փուլում չեն, Վաչե Գաբրիելյանը պատասխանեց. «Ո՞վ է ասում. բոլոր տեղերում էլ գործուղումներ կան, ես անձամբ ճանապարհորդել եմ թե՛ արևմուտքում, թե՛ արևելքում, եվրոպական երկրներում և այդ  բոլոր տեղերում խոսել ենք ֆինանսական փաթեթների մասին, որոնք պետք է ուղղվեն Հայաստան»: