Երեկ կինոռեժիսոր Արշակ Զաքարյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր տեսանյութ, որտեղ հստակ երևում է, թե ինչպես է հայկական զինուժը պատասխան հարված հասցնում ադրբեջանական զինուժին: 

Սահմանային իրավիճակի, ադրբեջանական զինուժին հասցրած հակահարվածի և այլ հարցերի շուրջ ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց ռազմական փորձագետ Վովա Վարդանովի հետ:

«Սահմանային այս իրավիճակը մեզ համար, ցավոք, դարձել է սովորական: Թուրքը ցանկացած պահի կարող է լկտիանալ ու կրակել մեր դիրքերի ուղղությամբ: Մեր հակահարվածը համարժեք է, բայց մեզ համարժեքը արդյո՞ք ձեռք է տալիս: Պետք է հաշվի առնել, որ թուրքն ավելի հարուստ է, ավելի շատ բնակչություն ունի: Հաշվի պետք է առնել՝ ում հետ գործ ունենք, որից հետո հասկանալ, թե ինչպես պետք է աշխատել»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ երեկվա մեր հակահարվածն ընդամենը ցույց է տալիս, որ մենք կարող ենք հարվածել, գրոհել, ընդամենը պետք է մարդկանց պատրաստել ավելի զորեղ և իմաստալից գործողությունների. «Կանխարգելիչ հարվածները այնպես պետք է լինեն, որ տպավորիչ լինեն հակառակորդի համար, իսկ իրենց համար տպավորիչ չէ ասկյարի մահը, իրենք մարդկային կորուստի նկատմամբ իմունիտետ ունեն»

Լայնածավալ պատերազմական գործողությունների նախադրյալներ տեսնո՞ւմ է և առհասարակ ի՞նչ խնդիրներ կան հակառակորդին հակահարված տալու ուղղությամբ հարցին ի պատասխան՝ Վարդանովն ասաց, որ հակառակորդը լայնածավալ գործողությունների կարծես թե պատրաստ չէ, բայց աշխատում է այդ ուղղությամբ. «Ունեն անհրաժեշտ զենք, որը գնեցին Ռուսաստանից: Իրենց պատրաստություն տեսնում են հարձակվելու համար: Մենք այնքան «խելացի» ենք, որ թույլ ենք տվել, որ իրենք որոշեն՝ որտեղ ու ինչով խփեն, քանի կյանք խլեն, մենք չպետք  է իրենց այդ իրավունքը տանք, որոշողը, նախաձեռնողը մենք պետք է լինենք, մենք պետք է որոշենք՝ որտեղ ենք խփում, որ իրենք իրենց բանակը բռունցքի չվերածեն ու հարվածեն մեզ: Իսկ հիմա մենք հակառակ իրավիճակի մեջ ենք, որտեղ ուզում խփում են»:

Վարդանովի կարծիքով՝ հարկավոր է հարձակվողական գործողությունների պատրաստել մեր բանակը, զինված ուժերը, բնակչությունը, սփյուռքը, երկրագունդը, դիվանագիտական կորպուսը. «Բոլորին պետք է պատրաստել ու գնալ առաջ: Այս ուղղությամբ պետք է յուրաքանչյուր նախարարություն իր հերթին աշխատի: Հարկավոր է պատրաստվել հարձակվողական մարտեր վարելու համար»,- նշեց նա:

Անդրադառնալով օրեր առաջ Վարդենիս-Շորժա ավտոճանապարհին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարին, որի ժամանակ ՊՆ ավտոմեքենան դուրս էր եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 6 մ սահել մոտակա ձորակը (թափքը պոկվել է), Վարդանովը նշեց, որ եթե վթարի պատճառը տեխնիկական է, ոչ թե մարդկային գործոնով պայմանավորված, ընդամենը հարկավոր է տեխնիկան լավ վիճակում պահել. «Վատն այն է, որ մարդիկ, փորձ չունենալով, նստում են ղեկին: Մենք հարուստ երկիր չենք, մեր ունեցածն էլ այդ մեքենաներն են: Պետք է պարզապես մեքենան լավ վիճակում պահել, տեխնիկան հազար տարի էլ կարող է ծառայել»:

Սոնա Հարությունյան