Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը ներկայացրել է Եվրոպական Միության Արևելյան գործընկերության ծրագրին Հայաստանի մասնակցության հեռանկարների մասին իր գնահատականները: Արմեն Աշոտյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել, որում նշում է, որ Հայաստանի մասնակցությունը ԵՄ այս նախաձեռնությանը, բացի քաղաքական և ֆինանսական շարժառիթներից, ունի նաև ուժեղ արժեհամակարգային բաղադրիչ:

Իր այս գրառմամբ, Արմեն Աշոտյանը փաստացի ասում է այն, ինչի մասին հայաստանյան քաղաքական վերլուծական շրջանակները բարձրաձայնում էին վերջին ամիսներին: Խոսքը ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրումը հետաձգելու, իսկ լավագույն դեպքում՝ չեղարկելու Սերժ Սարգսյանի անթաքույց ցանկության մասին է: Հենց սա էլ փաստեց Աշոտյանի վերջին գրառումը: Աշոտյանը միանշանակ ֆիքսում է, որ ԵՄ-ՀՀ համաձայնագրի ստորագրումը հիմնականում պայմանավորված է այս հարցի շուրջ դաշնակից Ռուսաստանի թույլտվության աստիճանից: Ինչ վերաբերվում է անվտանգության մասով եվրամիության ջանքերից, ապա դժվար չէ կռահել, որ անվտանգության տակ Աշոտյանը նկատի ունի նախագահին, քանի որ թե՛ ինքը` Սարգսյանը, թե՛ հանրապետականները բազմիցս են շեշտել որ 2018-ի ապրիլից հետո լինելու է այնտեղ, որտեղ պահանջելու է անվտանգությունը:

Ինչո՞ւ հենց Սարգսյանը, թվում է` պարզ է: Վարչապետ Կարեն Կարապետյանը պաշտոնավարման ողջ ընթացքում հաշված անգամներ է անդրադարձել այս անվտանգության թեմատիկային, դրանով իսկ ընդգծելով, որ պատասխանատու է միայն տնտեսական բլոկի համար: Սերժ Սարգսյանն Արմեն Աշոտյանի միջոցով պայման է դրել՝ կա՛մ ԵՄ-ն ընդունում է իր ծրագրերը, կա՛մ չի ստորագրում նոր համաձայնագիրը: Իսկ Ռուսաստանն ու երեւանյան սկանդալն էլ Սերժ Սարգսյանի ալիբին են: Այդ սկանդալը առիթ տվեց շատերին ենթադրելու, որ Երևանի ու Բրյուսելի միջև առաջանում է որոշակի սառնություն, ու Հայաստանի իշխանությունը պատրվակ է փնտրում ԵՄ հետ աշնանը սպասվելիք համաձայնագրի ստորագրումից հրաժարվելու համար՝ միգուցե Ռուսաստանի պահանջով:

Գագաթնաժողովն առիթ էր, որպեսզի Սերժ Սարգսյանը ցրեր մտահոգությունները՝ հավաստիացնելով, որ Հայաստանը հաստատակամ է ստորագրել համաձայնագիրը: Սակայն հենց այս մասով է ուշագրավ, որ Սերժ Սարգսյանի ելույթի մասին ընդհանուր նկարագրության մեջ, ի թիվս թեմաների, որ նա շոշափել է իր ելույթում, բացակայում է Հայասան-ԵՄ համաձայնագրի սպասվելիք ստորագրման անդրադարձը: Մինչդեռ Սերժ Սարգսյանը չէր կարող չիմանալ, որ առաջացել են դրա վերաբերյալ հրատապ կասկածներ, և Հայաստան-ԵՄ սկանդալը լավագույնս հարթելու և աղմուկը, այսպես ասած, անհաջող պատմության մի դրվագի կարգավիճակով արխիվ ուղարկելու լավագույն հնարավորությունը կլիներ պարզապես թեկուզ խորհրդանշական հայտարարությունը ստորագրվելիք համաձայնագրի վերաբերյալ: Սակայն, Սարգսյանը նախընտրեց լռել, փոխարենը խոսեց Շարմազանովը և հստակեցրեց իշխանությունների սպասելիքը ԵՄ-ից: Եվրամիությունը՝ Սվիտալսկու դեմքով, խաղի այս կանոնները չի ընդունում և առաջ է քաշում «ավելին ավելիի դիմաց» եվրոպական գործընկերության հայտնի սկզբունքը: Այլ խոսքով՝ եվրոպացիները պատրաստ են շարունակել օժանդակությունը Հայաստանին, եթե մեր իշխանություններն ընտրությունների ժամանակ ոչ միայն մարդկանց չսպանեն, այլ նաև նրանց չնվաստացնեն կամ չկաշառեն, կամ էլ Բրյուսելին չի բավարարում միայն այն հանգամանքը, որ մենք չենք տրվում ռուսներին, ի վերջո՝ եվրոպացիներին դուր չեն գալիս ուրիշի փողերը գռփելու և հոռի կենցաղով ապրելու մեր համակարգի բարքերը:

Ստելլա Խաչատրյան