ԱՊԿ մշտական խորհրդում քննարկվել է Սիրիա խաղաղապահներ ուղարկելու հարցը: ՀԱՊԿ-ում կայացած այդ քննարկման մասին հայտնել է Ղրղզստանի անվտանգության խորհրդի քարտուղար Թիմուր Ջումակադիրովը: «ՀԱՊԿ մշտական խորհրդում քննարկվել է սիրիական խնդրի կարգավորման գործընթացում Ղրղզստանի խաղաղապահ ուժերի հնարավոր մասնակցության հարցը», օրերս ղրղզ պաշտոնյայի այս խոսքերն էին մեջբերել ռուսական գործակալությունները: Այլ մանրամասներ չեն հաղորդվել: Ջումակադիրովը նշել է նաև, թե Բիշքեկն առայժմ ՀԱՊԿ-ից պաշտոնական առաջարկ չի ստացել՝ Սիրիա խաղաղապահներ ուղարկելու համար: Սիրիայում ղազախ և ղրղզ խաղաղապահների տեղակայման մասին խոսել է նաև Էրդողանի մամուլի քարտուղարը: Այս երկու տեղեկություններից կարող ենք ենթադրել, որ Մոսկվան փորձում է հույսը միայն Հայաստանի վրա չդնել՝ որպես ՀԱՊԿ անդամ: Բայց պաշտոնական առաջարկ չստանալու մասին Ղրղզստանի ԱԽ քարտուղարի խոսքից կարելի է ենթադրել, որ ՀԱՊԿ-ի անդամ այս երկիրը կարծես թե հակված չէ իր հարաբերությունները փչացնել ԻԼԻՊ-ի նման հրեշի հետ՝ հանուն Ռուսաստանի: Թեև Ղազախստանը դեռ պաշտոնապես ոչինչ չի ասել ու չեզոքություն է պահում, բայց անգամ այս կեցվածքը հասկանալի է: Վերոնշյալ երկրները, որոնք համակված են Մեծ Թուրանի գաղափարով, վատ հարաբերություններ չունեն Ադրբեջանի, Թուրքիայի հետ: Իսկ սրանք ԻԼԻՊ-ի համար զինվորներ բուծող պետություններից են և անգամ սատարում են իսլամիստներին:

ՀՀ խաղաղապահների մասնակցությունը սիրիական հակամարտությանը ռուսական լրատվամիջոցները խրախուսում են դեռևս 2014 թվականից, բացի արևմտյան երկրների առջև Հայաստանին որպես Ռուսաստանի ենթակա ներկայացնելուց՝ այսպիսի սցենարը հավելյալ ուշադրություն է գրավում Հայաստանի վրա իսլամական երկրների կողմից: Հաշվի առնելով, որ որպես հարևան՝ իսլամական պետության հետ կոնֆլիկտ ունեցող Հայաստանը նախկինում էլ պարբերաբար քննադատվել է մի շարք իսլամական երկրների կողմից՝ Սիրիայի կոնֆլիկտի մեջ ներքաշվելը ամենախելամիտ որոշումը չէ: ՀՀ կառավարությունը, Մոսկվայի հրահրմամբ Սիրիա խաղաղապահներ ուղարկելու փոխարեն, ավելի ճիշտ որոշում կկայացնի, եթե օժանդակի սիրիահայերին՝ տեղափոխվել Հայաստան, քանի որ խաղաղության հոտ դեռևս այդ երկրից չի գալիս:

Հարկ է նաև վերհիշել, որ ՀԱՊԿ-ն փաստացի չեզոք դիրքորոշում ունի ղարաբաղյան խնդրի հանդեպ, ՀԱՊԿ-ականները մի քանի տողանոց հայտարարություն անգամ չեն ընդունում` ընդդեմ Ադրբեջանի սանձարձակ գործողությունների, երբ Հայաստանի սահմանները ենթարկվում են հարձակումների: Հետևաբար, ինչո՞ւ պետք է Հայաստանը մտնի ՀԱՊԿ-ական խաղաղապահների կազմում, եթե նույնիսկ Ղազախստանը դա չի ցանկանում անել: Հանուն ինչի՞ Հայաստանը պաշտպանի Մոսկվայի քաղաքականությունը, ո՞րն է կոնկրետ Հայաստանի շահը լինելու այդ դեպքում… Հայկական խաղաղապահների ներկայությունը Սիրիայում, թերևս, ռազմական տեսանկյունից նշանակալի ազդեցություն չի կարող ունենալ ընդհանուր իրավիճակի վրա: Բայց փոխարենը՝ քաղաքական առումով՝ Հայաստանը կարող է կանգնել խնդիրների առջև:

Ստելլա Խաչատրյան