Զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ մեղադրվող Արարատ Խանդոյանին այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դատապարտեց 3 տարի 6 ամիս ազատազրկման:

Արարատ Խանդոյանը դատարանի որոշումն ընդունեց ծիծաղով ու ծափահարություններով: Իսկ նիստին ներկաների շրջանում դատարանի որոշումը դժգոհության ալիք բարձրացրեց: Նրանք սկսեցին վանկարկել` «ամոթ»:

Խանդոյանի փաստաբան Արա Ղարագյոզյանն էլ հայտարարեց, որ բողոքարկելու է դատարանի վճիռը և հայտարարեց. «Դատավարությունն իրականացվել է մի շարք խախտումներով, մարդու իրավունքների ոտնահարումներով»:

Հիշեցնենք՝ ըստ մեղադրական եզրակացության՝ Արարատ Խանդոյանը 2016թ. հուլիսի 20-ին Երեւանում տեղի ունեցած հասարակական անվտանգությունը վտանգած բռնությամբ, ջարդելով, գույք ոչնչացնելով եւ վնասելով արտահայտված զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն է գործադրել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ` ձեռքերով եւ ոտքերով հարվածներ է հասցրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցներին, քաշքշել եւ փորձել է խլել ոստիկանության ծառայողի վահանը:

Սոնա Հարությունյան