Հունիսի 27-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն աշխատանքային այցով Ճամբարակի տարածաշրջանում էր: Մարզպետը նախ եղավ Ճամբարակի պանրի և կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող արտադրամասերից մեկում:

Այստեղ իրականացվում են կաթի ամենօրյա մթերումներ տարածաշրջանի գյուղական համայնքներից:

Արտադրության տնօրեն Արթուր Լազարյանը մարզպետին ներկայացրեց արտադրվող պանրի տեսակների, արտադրական ծավալների, իրացման շուկաների մասին տեղեկություններ: Լազարյանը հավելեց, որ պլանավորում են ընդլայնել արտադրանքի տեսականին` սկսելով արտադրել նաև ապխտած պանիր:

Կարեն Բոթոյանը ծանոթացավ արտադրությանը, հետաքրքրվեց դրա ընդլայնման ժամկետներով և առկա խնդիրներով: Մարզպետը նշեց, որ կառավարությունը լուրջ ուշադրություն է դարձնում նոր աշխատատեղերի ստեղծմանը: Այս տեսակետից շատ կարևոր է Ճամբարակում նման արտադրամաս ունենալը: Մարզպետը նշեց նաև, որ պատրաստ է իր լիազորություների շրջանակներում աջակցել արտադրողներին և նպաստել նրանց բարձրացրած խնդիրների լուծմանը:

Այնուհետև մարզի ղեկավարն այցելեց Ճամբարակում գործող «Արեգունի» ՀԿ, որտեղ մասնակցեց «Արեգ» մյուզիքլային տիկնիկային թատրոնի ներկայացմանը: Աշխատանքային շրջայցի ավարտին Ճամբարակի քաղաքապետարանում Կարեն Բոթոյանն անցկացրեց խորհրդակցություն տարածաշրջանի համայնքների ղեկավարների մասնակցությամբ:

Նրանք մարզպետին ներկայացրին իրենց համայնքներին վերաբերող ընթացիկ հարցեր, կատարված և նախանշված գործողություների մասին հաշվետվություններ: Մարզպետը հավաստիացրեց, որ իր գործունեության ընթացքում հաճախ է այցելելու համայնքներ՝ առկա խնդիրներին տեղում ծանոթանալու և դրանց լուծման տարբերակները քննարկելու նպատակով: