Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում «Ալաշկերտ»-ի հաղթանակից հետո հայկական թիմի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը հանդիպեց լրագողներին:

Խաղի մասին խոսելիս մարզիչն ասաց.

«Մենք ինչին պատրաստվում էինք, այդ տեսանք: Այսօր մենք լավ չխաղացինք: Նման համատարած պաշտպանությունը հաղթահարելու համար պետք էր մաքսիմալ արագություն և ագրեսիվություն, որը չտեսա իմ թիմում: Դանդաղ էինք խաղում: Ես ավելիին էի սպասում մեր թիմից»: 

Խոսելով պատասխան խաղի մասին մարզիչն ասաց.

«Պատասխան խաղում նորից նման խաղ ենք սպասում: Կարծում եմ` մրցակիցը նորից փակ ֆուտբոլ կխաղա: Բայց մենք ավելի պատրաստված կլինենք, քան` այսօր: Ֆունկցիոնալ վիճակը բարելավելու հաշվին մենք ավելի լավ կխաղանք: Մրցակցի թիմում անցյալ տարվա համեմատ բավականին փոփոխություններ կան, բավականին արագ խաղացողներ ունեն»:

Անդրադառնալով մրցակցի մարզչի դժգոհությանը, որ 11 մետրանոց կար, որը չնշանակվեց: Խաշմանյանն ասաց.

«Եթե լիներ կնշանակեին»:

Նորեկներին էլ անդրադառնալով` մարզիչը հավելեց, որ նրանք լավ մակարդակի խաղացողներ են, բայց նրանց ժամանակ է պետք թիմին հարմարվելու համար: