Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության 2016 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ժամանակ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը նշեց, որ 2016 թվականին 2015-ի համեմատ ՀՀ նախագահի աշխատակազմի ծախսերը նվազել են մոտ 5 տոկոսով:
«Այդ կրճատումը պայմանավորված է մի շարք ծախսերի տնտեսմամբ և երկու տարին մեկ պետական մրցանակի տրամադրմամբ: 2016 թվականի արդյունքներով՝ տնտեսվել և ՀՀ պետբյուջե է վերադարձվել 439 մլն դրամ», - ասաց նա:
Ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանը հայտնեց, որ 2016 թվականին նախագահի աշխատակազմին հատկացվել է 4,7 միլիարդ դրամ, իսկ Ազգային ժողովին' 4.8 միլիոն դրամ:
Նա նաև հայտնեց, որ իրավական ոլորտի մի շարք կառույցներից Դատախազությանը նախորդ տարի հատկացվել է 4 միլիարդ դրամ:
Քննչական կոմիտեին հատկացվել է 5.8 միլիարդ դրամը, Հատուկ Քննչական ծառայությանը՝ 649.6 միլիոն դրամ:
Վերահսկիչ պալատին հատկացվել է 977 միլիոն դրամ: