ՀՀ Ֆինանսների նախարարի տեղակալ Ատոմ Ջանջուղազյանն, ամփոփելով 2016 թվականի ֆինանսական տարին, նշեց, որ նախորդ տարվա ընթացքում 11 մլրդ դրամի դրամաշնորհային պարտավորություն թերակատարվել է և համապատասխան միջոցառումները չեն կատարվել:

Գաղտնիք չէ, որ մեր պաշտոնյաները մշտապես ամեն բան պատճառաբանում են նրանով որ փող չկա դրա համար ստիպված ենք պարտք վերցնել: Այս դեպքում մենք տեսնում ենք, որ հայրենի կառավարությունը անտոկոս փողը քնացնում է, ու դրա փոխարեն մեկը մյուսի հետևից տոկոսով վարկեր վերցնում. այն էլ ծախսում ոչ արդյունավետ ինչի արդյունքում էլ երկրաչափական պրոգրեսիայով աճում է պետական պարտքը: Մարդկանց գլխի տակ փափուկ բարձ դնելը ՀՀ իշխանությունների կողմից վաղուց արդեն որդեգրված գործելաոճ է: Փող չկա, բայց երբեմն էլ այնպիսի անիմաստ ծախսեր են լինում, որ շարքային քաղաքացին բոլոր հիմքերն ունի կասկածելու դրա ճշմարտացիությանը: Սկսած պետական գերատեսչությունների սուրճի, օծանելիքի, ամանորյա տոնակատարությունների շռայլումներից մինչև ղեկավարների ծառայողական «հոգսերը»:

Հիմա էլ 11 միլիարդը դրել են բարձի տակ (լավագույն դեպքում իհարկե), իսկ բարձր տոկոսներով վարկերը փակելու ենք մենք և հաջորդ սերունդները: Իհարկե, մեզ կհանգստացնեն, կասեն պարտքը աճում է, բայց դեռ սահմանագծին չենք: Հետաքրքիր է ո՞րն է այդ սահմանագիծը: Դեֆո՞լտը: Ու դեռ մի բան էլ հայտարարում են, որ ճիշտը վարկ վերցնելն է: Չնայած Հայաստանի պետական պարտքը գերազանցել է 6 մլրդ դոլարը, իշխանությունները շտապում են հանգստացնել, թե երկիրն այդ առումով վճարունակության հետ կապված խնդիրներ չունի: Ավելին՝ կառավարությունը շարունակելու է արտաքին նոր պարտքեր վերցնել, ընդ որում, ինչպես մեկնաբանել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, սա արվում է տնտեսական զարգացման, նաեւ բյուջեի պակասուրդը ֆինանսավորելու նպատակով: «Եթե եկամուտները չեն հերիքում ծախսեր կատարելու համար, բնականաբար, պետք է պարտք վերցնել: Առանց դրա հնարավոր չէ... Մենք շարունակելու ենք պարտք վերցնել: Մանավանդ արտաքին պարտք վերցնելիս պետք է շեշտադրումը կատարել կապիտալ ծախսերի վրա, պետք է ջանքեր գործադրել, որ ընթացիկ ծախսերն էլ որոշակի վերաիմաստավորվեն, գնա տնտեսության արտադրողականության բարձրացմանը...Պետք է որոշակի պարտք վերցնել, որ տնտեսական աճ լինի»,- ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

Նախարարի հայտարարություններն ուշագրավ են մեկ այլ համատեքստում: Նա, ըստ էության, այսպես գնահատել է Հայաստանի տնտեսության ներկա վիճակը, ըստ այդմ, ներքին ռեսուրսները չեն բավարարում ո՛չ բյուջեով նախատեսված ծախսերը հոգալու (քանի որ եկամուտները քիչ են), ո՛չ տնտեսական աճ ապահովելու համար, ուստի իշխանություններն այդ նպատակով ստիպված են պարտքեր անել՝ 11 միլիարդը բարձի տակ պահելով:

Ստելլա Խաչատրյան