Որքան էլ ցավալի լինի խոստովանելը, բայց մի շարք ցուցանիշներ, այդ թվում և տնտեսական, փաստում են, որ Հայաստանի բնակչությունը հատկապես վերջին տասնամյակում շեշտակիորեն նվազում է: Արտագաղթի նոր ալիք է նկատվում հատկապես վերջին տարիներին, ինչը պայմանավորված է տնտեսության անկմամբ: Իսկ սա նշանակում է, որ Հայաստանի թիվ մեկ ռազմավարական խնդիրներից մեկն էլ ոչ միայն ինչ-որ բան անելն է՝ Հայաստանից արտագաղթը կասեցնելու, այլև ուղիներ մտածելը՝ արտագաղթածներին հայրենիքի հետ շաղկապելու ու այդ կապը անքակտելի դարձնելու: Եթե չենք կարողանում այնպես անել, որ քաղաքացին վերջնականապես հրաժարվի արտագաղթելու մտքից, ապա գոնե պարտավոր ենք անել ամեն բան, որպեսզի արտագաղթողը չմոռանա հայրենիքն ու կապի մեջ լինի դրա հետ:

Բանից պարզվում է, սակայն, որ համապատասխան քայլեր մտածելու ու հային իր հողից կառչած պահել փորձելու փոխարեն՝ մեր «խելոքները» որոշել են ստեղծել լավագույն պայմանները՝ զարկ տալու ճիշտ հակառակ պրոցեսին. Կառավարությունը որոշել է ՀՀ քաղաքացիությունից հրաժարված հայերին զրկել նրանց սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերից, եթե դրանք սեփականատերերի կողմից 1 տարվա ընթացքում չվաճառվեն: Հարկ եղած դեպքում հողերի հարկադիր աճուրդի հարցով զբաղվելու են համայնքապետերը: Ճիշտ է՝ դեռևս համապատասխան օրենքը չի ընդունվել, սակայն  դժվար չէ պատկերացնել՝ ինչ է կատարվելու համայնքներում այն պարագայում, եթե  սույն մտահղացումը միս ու արյուն ստանա:

Միգուցե առաջին հայացքից կարող է թվալ, թե այս քայլով փորձ է արվելու գյուղատնտեսությանը զարկ տալ, անջրդի հողերը կենդանացնել ու ցանքատարածություններն ընդլայնել, սակայն մի փոքր խորաթափանց լինելու փոխարեն դժվար չէ կռահել, թե իրականում ինչին է միտված  այս որոշումը: Անկասկած է, որ տեղի է ունենալու չինովնիկների կողմից գյուղացիության հողերի սեփականացում, ինչը լիովին տեղավորվում է համայնքների խոշորացման ծրագրի համատեքստում: Այսօր մեծ թվով համայքներ քիչ բնակեցված են, ինչը փայլուն հնարավորություն է նույն մարզային չինովնիկների համար՝ ընդլայնելու սեփական կալվածքները՝ թքած ունենալով, թե այդ ամենն ինչպես կազդի ասենք հայ-հայրենիք կապի վրա:

Իհարկե, հաշվի առնելով Հայաստանում գյուղատնտեսական նշանակության հողերի սակավությունը՝ ոմանք միգուցե ինչ-որ տեղ արդարացված համարեն ուրիշի ինչքին տիրություն անելու համապատասխանների ձտումները, սակայն այս դեպքում էլ հարց է առաջանում՝ ո՞րն է այդ հողատարածքները վաճառելու իմաստն այն պարագայում, երբ կարելի էր դրանց մշակելիության հարցը շատ ավելի ռացիոնալ ձևով լուծել. բնավ էլ պարտադիր չէ դրանք  վաճառել, որպեսզի այնտեղ վարունգ աճի: Պետությունը հողերը վաճառելու փոխարեն կարող էր այնտեղ ուղղակի գյուղատնտեսական աշխատանքներ տանելու արտոնություններ տալ նրանց, ովքեր մնացել են իրենց հարազատ վայրերում, շարունակում են ապրել: Նման կերպ հնարավոր կլիներ լուծել մի քանի խնդիր միանգամից: Բայց ոչ, որոշել են մարդկանց սեփականությունն ամեն կերպ օտարել նրանցից, ինչն, ի դեպ, տեղավորվում է հայաստանյան պետական կառավարման ողջ փիլիսոփայության սահմաններից ներս. իմն՝ ինձ, քոնն՝ ինձ, նրանն՝ ինձ, բոլորինն՝ ինձ...

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ