ԼՈւՐԵՐ.com-ին որոշ մանրամասներ են հայտնի դարձել Նոր Նորքում գործող «Ծիրան» սուպերմարկետի վրա զինված հարձակման դեպքից: Պարզվում է՝ սուպերմարկետի անվտանգության աշխատակիցները դիմակավորված և զինված անձին կարողացել են բռնել, ծեծել, քաշքշոցի ընթացքում անվտանգության աշխատակիցը կարողացել է նրա դեմքից հեռացնել դիմակը, ինչի արդյունքում զինված երիտասարդի դեմքը ֆիքսել են սուպերմարկետի տեսախցիկները: 

Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության՝ հունիսի 26-ին, ժամը 3-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ դիմակավորված անհայտ անձը ժամը 2-ին օդամղիչ ատրճանակով մուտք է գործել Երևանի Գայի պողոտայի 8/2 հասցեում գործող սուպերմարկետ և զենքի սպառնալիքով պահանջել է բացել դրամարկղը:

Սուպերմարկետի անվտանգության աշխատակիցները կանխել են նրա գործողությունները, որից հետո անհայտ անձը դիմել է փախուստի:

Հանցագործության գործիք ատրճանակը և դիմակն առգրավված են:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումների շնորհիվ ճշտվել է ավազակային հարձակումը կատարողի ինքնությունը: Ձեռնարկվում են որոնողական աշխատանքներ նրան հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է քննություն: