ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկություններով՝ ՀԷՑ-ում աշխատանքից ազատվել են իրավաբանական վարչության բոլոր աշխատակիցները, աշխատանքից ազատվածները կադրերի ռեզերվ չեն ուղարկվել: Այս վարչության ամբողջ գործառույթը տրամադրվել է առանձին փաստաբանական ընկերության: 

Ըստ մեր աղբյուրների՝ ՀԷՑ-ի իրավաբանական վարչության գործառույթներն այսուհետ կիրականացնի «Արատտա» փաստաբանական գրասենյակը, որն, ըստ տարածված լուրերի, պատկանում է դատավոր Ռաֆիկ Խանդանյանին:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ դատական դեպարտամենտից, վերջինս 2013 թվականի հունվարի 31-ից ՀՀ վարչական դատարանի դատավոր է աշխատում։

Ի դեպ, նրա հայրը՝ Գագիկ Խանդանյանը, նույնպես դատավոր է՝ նա 2016 թվականի հունվարի 8-ից ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր է:

Մեզ հասած տեղեկատվության իսկությունը ճշտելու համար կապ հաստատեցինք և՛ նշյալ փաստաբանական գրասենյակի, և՛ ՀԷՑ-ի հետ:

Փաստաբանական գրասենյակից մեզ հայտնեցին, որ այս պահին նպատակահարմար չեն գտնում տեղեկատվություն տրամադրել այն մասին՝ արդյոք իրենք համագործակցում են ՀԷՑ-ի հետ, թե՞ ոչ, մեր գրավոր հարցմանը նաև հստակ պատասխան չտվեցին ՀԵՑ-ից՝ պատճառաբանելով, որ դրանք պարունակում են ծառայողական և առևտրային գաղտնիք:

ՀԷՑ հասարակայնության հետ կապերի դեպարտամենտից ԼՈւՐԵՐ.com-ին տրված պատասխանները ներկայացնում ենք առանց խմբագրման.

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ տեղեկատվություն տնօրինողը, մերժում է տեղեկության տրամադրումը, եթե դա պարունակում է պետական, ծառայողական, բանկային, առևտրային գաղտնիք:

 ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 141 հոդվածի (Ծառայողական, առևտրային կամ բանկային գաղտնիք կազմող տեղեկատվություն) 1-ին մասի համաձայն՝ տեղեկատվությունը ծառայողական, առևտրային կամ բանկային գաղտնիք է, եթե այն երրորդ անձանց անհայտ լինելու ուժով ունի իրական կամ հնարավոր առևտրային արժեք, չկա օրինական հիմքերով այն ազատորեն ստանալու հնարավորություն և տեղեկատվություն ունեցողը միջոցներ է ձեռնարկում դրա գաղտնիության պահպանման համար:

 Հաշվի առնելով այն, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ իրավական ակտերի համաձայն՝ կադրային հարցերը և սոցիալ-աշխատանքային հարաբերությունները, ինչպես նաև կոնտրագենտների հետ կնքված պայմանագրերի մասին տեղեկությունները, դասվում են ծառայողական և առևտրային գաղտնիք պարունակող տեղեկությունների շարքին, հայտնում ենք, որ պահանջվող տեղեկությունների տրամադրումը «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով ենթակա է մերժման։