Տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը բավական լարված է, պայթյունավտանգ, ինչը ստիպում է այստեղ խաղաղություն պահպանելու հարցում շահագրգիռ ուժերին խնդիրը լուծելու համար նորանոր միջոցներ ձեռնարկել: Դատելով ամենայնից՝ Անդրկովկասում խաղաղության պահպանման թիվ մեկ ջատագով Ռուսաստանը շարունակում է Ադրբեջանին ամեն կերպ զսպելու քաղաքականությունը. Պրոխանովի՝ Բաքու կատարած այցին գրեթե զուգահեռ Արցախ է այցելել իսրայելցի հայտնի քաղաքագետ, հասարակական գործիչ Ավիգդոր Էսկինին. հյուրընկալվել է Արցախի հանրապետության Ազգային ժողովում, իր մտորումներով կիսվել արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ և այլն: Էսկանին, պետք է նկատել, Ռուսստանի հետ չափազանց սերտ հարաբերություններ ունեցող մեկն է, ու վերջինիս հաճախ կարելի է տեսնել ռուսական հանրային հեռուստաալիքներով ցուցադրվող քաղաքական թոք-շոուներում. նրա կարծիքը ՌԴ-ում լսելի է ու գնահատելի:

Ի դեպ՝ ակնհայտորեն ամենևին էլ ոչ պատահական կերպով այս օրերին բավական լայն քննարկման առարկա է դարձել նաև «Հայաստան–Իսրայել» հասարակական ֆորումի ստեղծման թեման, որին իր ակտիվ մասնակցությունն է բերել նաև ազգությամբ հրեա, նախկինում հայաստանաբնակ, Քնեսեթի նախկին պատգամավոր Ալեքսանդր Ցինկերը: Նշենք, որ մոտ ապագայում ծրագրվում է նաև անցկացնել «Հայաստան–Իսրայել» հասարակական ֆորումի նիստ` իսրայելացի հասարակական գործիչների և գործարարների մասնակցությամբ, որոնք Հայաստան կբերեն իրենց նախագծերն ու համագործակցության առաջարկությունները։ Անկասկած է, որ թե՛ Ադրբեջանում, թե՛ Հայատանում համապատասխան իրադարձությունների միջև գոյություն ունեցող կապը չտեսնել ուղղակի չի կարելի: Սրանք բոլորն ակնհայտորեն մեկ բանի մասին են վկայում. փորձ է արվում Ադրբեջանին ուղերձ հղել՝ ձեռնպահ մնալու տոտալ պատերազմի գնալուց:

Կարող է, սակայն, հարց առաջանալ՝ իսկ ի՞նչ կապ կարող է ունենալ Անդրկովկասի հետ Իսրայելն, ում ևս  ակնհայտորեն ներառել են որոշակի պրոցեսների մեջ: Իսրայելի ակտիվացումն, անկասկած, Մոսկվա-Թել Ավիվ ստվերային համաձայնության արդյունք է: Բանն այն է, որ իրականում Իսրայելի ազդեցությունը Բաքվի վրա բավական զգալի է այսօր, ինչը նախևառաջ պայմանավորված է Ադրբեջանում Փաշաևների կլանի հզորացմամբ:

Մեհրիբան Ալիևայի՝ Ադրբեջանի փոխնախագահ դառնալուն զուգահեռ Փաշաևներն, ովքեր հայտնի են Իսրայելի հետ ունեցած սերտ կապերով, բավական հզորացրել են իրենց դիրքերն ու այսօր հենց նրանք են խոշոր հաշվով շատ հարցեր կարգավորում: Հետևաբար՝ ՌԴ կողմից իսրայելական խաղաքարտի օգտագործումը գրեթե անխոցելի որոշում է ու խիստ էֆեկտիվ: Իսկ, երբ այս ամենին էլ գումարում ենք Ադրբեջանում ծայր առած ֆինանսաբանկային համակարգի ճգնաժամը, պարզ է դառնում պրոցեսի ողջ իսկությունը:

Այսպիսով՝ ո՞րն է այս ամենում իսրայելի շահը կամ ո՞րն է ՌԴ-ին աջակցելու գինը: Պատասխանը շատ պարզ է. Իսրայելը, հանդիսանալով առնվազը տարածաշրջանային գերտերություն, չի կարող իր շահերը չունենալ ու դրանք չհետապնդել նաև Անդրկովկասում: Ռուսների հետ գնալով համագործակցության խաղաղության պահպանման հարցում՝ Թել Ավիվն իր կշիռն է ավելացնում տարածաշրջանում՝ ընդլայնելով իր ազդեցության շրջանակները: Ճիշտ է՝ Իսրայելը սովորաբար համարվում է Արևմուտքի ազդեցության տակ գտնվող երկիր, սակայն այս հանգամանքը Ռուսաստանին չի խանգարում փոխշահավետ համագործակցության գնալ այն հարցերում, ուր կարող են լինել ընդհանուր շահեր: Ու հետո՝ Իսրայելն աշխարհի այն բացառիկ երկրներից է, որ հարկ եղած դեպքում կարող է  իր սեփական գիծը տանել արտաքին քաղաքականության հարցերում՝ առանց որևէ մեկին հաշվետվություն ներկայացնելու. մեկ անգամ չէ, որ Իսրայելից հնչել է ցանկություն՝ ապագայում անդամակցելու նույն ԵՏՄ-ին:

Հետևաբար՝ Իսրայելի ակտիվացումն Անդրկովկասում ՌԴ կողմից չի կարող դիտարկվել խիստ վտանգավոր, ինչպես ասենք ԱՄՆ պարագայում է. անկառավարելի պատերազմի կանխման հարցում ընդունելի են համարվում բոլոր հնարավոր միջոցները. այժմ Մոսկվան այն վիճակում չէ, որ կարողանա միայնակ տնօրինել իրավիճակը:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ