Հայաստանի արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը վաղաժամ է համարում 2018 թ. ապրիլին Հայաստանում տեղի ունենալիք քաղաքական գործընթացների վերաբերյալ կանխատեսումներ անելը:

Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հարցին, թե որտե՞ղ է տեսնում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին 2018 թ. ապրիլից հետո, երբ լրանալու է նրա լիազորությունների ժամկետը, Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «2018 թ. ապրիլի վերաբերյալ յուրաքանչյուր կանխատեսում պետք է լինի վաղաժամ, որովհետև երբ կգա 2018 թ. ապրիլը, այդ ժամանակ երկրում կարող է լինել այլ իրավիճակ՝ քաղաքական, արտաքին մարտահրավերներ և այլն: Եվ դա, իհարկե, հուշելու է մեզ, թե ինչ ճանապարհով պետք է առաջ գնալ»:

Ինչպես հիշում ենք ՀՀ-ում ԵՄ դեսպան Սվիտալսկու արդեն իսկ սկանդալային հռչակված հայտարարություններին առաջին արձագանքողը հենց Դավիթ Հարությունյանն էր, ընդ որում` նրա պատասխանը իր կոշտությամբ չզիջեց Սվիտալսկուն: Եթե ենթադրենք, որ ՀՀ իշխանությունները դեսպանի հայտարարությունը պատեհ առիթ դիտարկեցին ԵՄ հետ հարաբերությունները փչացնելու և դրանով իսկ համապարփակ համաձայնագրի վիժեցումը պայամանավորելու համար՝ ապա կարելի է ասել, որ Հարությունյանը կատարեց իշխանության խոսնակի դերը: Իսկ այժմ նա հայտարարում է, որ 2018-ին իրավիճակը կարող է և այլ լինել: Ի տարբերություն այլ ՀՀԿ-ականների ՆԱ չի հայտարարում, որ ինչպիսին էլ լինի իրավիճակը 2018-ին, միեւնույն է, ՀՀԿ առաջնորդը լինելու է Սերժ Սարգսյանը: Ստացվում է,  Սարգսյանի այցը Բրյուսել հալած յուղի պես չի անցել և նախագահին չի հաջողվել ԵՄ-ից ստանալ 2018-ի իր քաղաքական ծրագրերի աջակցության այն չափաբաժինը, որը նա ակնկալում էր: Եվ Դավիթ Հարությունյանի վրա այժմ էլ մեկ այլ պարտականություն են դրել, այն է ՝ ՀՀԿ-ին պատրաստել նրան, որ իրավիճակը կարող է փոխվել, ամեն ինչ այնքան միանշանակ չէ, ինչպես թվում է հանրապետականների մեծամասնությանը: Իսկ նրանց թվում է, որ ցանկացած իրադրության դեպքում առաջնորդը լինելու է Սերժ Սարգսյանը:

Ստելլա Խաչատրյան