ՀՀ ԱԳ փոխնախար Շավարշ Քոչարյանն այն համոզման է, որ Հայաստանն ու Արցախն անվտանգության հարցերում իրենց հույսն իրենց վրա պետք է դնեն. «Մենք մեր հույսն առաջին հերթին մեզ վրա պետք է դնենք և չպետք է ունենանք ավելորդ սպասելիքներ: Իհարկե, Ռուսաստանը մեր դաշնակիցն է, բայց ավելորդ սպասելիքներն այլ պատկերի կարող են բերել: Դա իրականությունն է, և մեր դիրքորոշումներն այդ հարցում հստակ են»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց նա՝ անդրադառնալով ռուսական սպառազինությամբ Ադրբեջանը զինելու՝ մեր դաշնակցի վարած քաղաքականությանը:
Խոսելով մեր դաշնակցի հետ ծավալվող ռազմավարական գործընկերության մասին՝ Շավարշ Քոչարյանը նշեց, որ հենց այս տրամաբանությամբ է Հայաստանն իր արտաքին հարաբերությունները կառուցում Ռուսաստանի և այլ գործընկերների հետ:
Անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի կողմից պատերազմը գրեթե բացառելու հայտարարությանը՝ Շավարշ Քոչարյանը նշեց, որ Հայաստանը միշտ պետք է պատրաստ լինի, որ մեր հարևան հակառակորդը ցանկացած պահի ցանկացած սադրանքի կարող է դիմել: