Ավստրալիան եւ ԱՄՆ-ը ամենաընդգրկուն համատեղ վարժանքներն են սկսել ավտրալական տարածքային ջրերում, ինչի մասին հայտնել է Reuters գործակալությունը:

Գործակալության տվյալներով՝ զորավարժություններին կմասնակցեն 33 հազար ամերիկացի եւ ավստրալացի զինվորականներ: Վարժանքները տեղի կունենան Ավստրալիայի տարածքային ջրերում եւ կշարունակվեն մեկ ամիս: Դրանք ներառում են ինչպես ծովային, այնպես էլ օդային գործողություններ:

ԱՄՆ-ի Խաղաղօվկիանոսյան հրմանատարության ղեկավար Հարրի Հարիսի խոսքով՝ վարժանքներն անցկացվում են Հարավչինական ծովում վիճահարույց կղզիների շուրջ հակամարտության սաստկացման երկյուղների ֆոնին:

«Ես գոհ եմ այն ազդանշանից, որն այս վարժանքներն ուղարկում են մեր բարեկամներին, դաշնակիցներին, գործընկերներին եւ հնարավոր հակառակորդներին»,-ասել է Հարիսը:

Չինաստանը եւ տարածաշրջանի մի շարք երկրներ՝ Ճապոնիան, Վիետնամը եւ Ֆիլիպինները, տարաձայնություններ ունեն ծովային սահմանների եւ Հարավչինական ու Արեւելաչինական ծովերում պատասխանատվության գոտիների շուրջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: