«Կուտակային կենսաթոշակների հետ կապված՝ պետք է նշեմ, որ այս պահի դրությամբ կառավարվում է 60 միլիարդ դրամ հավաքագրված գումար: Դրանք ներդրված են ՀՀ-ում և օրենքով սահմանված է՝ այդ գումարի քանի տոկոսը պետք է Հայաստանում ներդրվի, քանի տոկոսը՝ դրսում»,-այս մասին այսօր Ազգային ժողովում 2016 թվականի բյուջեի կատարողականի ժամանակ ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Արտեմ Ասատրյանը խոսեց նաև Երևանի թիվ մեկ տուն-ինտերնատում տիրող իրավիճակի և տնօրեն ընտրության հարցին՝ նշեց, որ թիվ մեկ տուն-ինտերնատում տիրող իրավիճակի և բյուջեից հատկացվող գումարների թափանցիկության մասին համապատասխան տեղեկությունը տեղադրված է կայքում:

«Այս ինտերնատի տնօրենի ընտրության հարցում որևէ խախտում տեղի չի ունեցել, և ընտրությունն անցել է օրենքի տառին համապատասխան»,-պատասխանեց նախարարն, անդրադառնալով տուն-ինտերնատի շուրջ տիրող աղմալի հարցերին: 

Անդրադառնալով բարեգործական կազմակերպությունների կողմից այս ինտերնատին տրվող գումարների թափանցիկության հարցին՝ նախարարը նշեց, որ նախարարության մոնիթորինգային ծառայությունն ավելի թափանցիկ պետք է աշխատի՝ հանրությանը տրամադրելով նաև անհատ բարերարների և բարեգործական կազմակերպությունների կողմից տրվող գումարների վերաբերյալ ֆինանսական հաշվետվությունը: