Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած Ճապոնիայի խորհրդարանական արտաքին գործերի նախարարի տեղակալ Մոտոմե Տակիսավային:

Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին և նշել, որ բարձր մակարդակի այցերը լավ հնարավորություն են քննարկելու երկկողմ հարաբերությունների ընթացիկ օրակարգը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային արդի հարցերը: Նախագահը հույս է հայտնել, որ Մոտոմե Տակիսավայի այցը նոր խթան կհանդիսանա հայ-ճապոնական միջպետական կապերի ամրապնդման գործում: 
Նախագահ Սարգսյանը ջերմությամբ է հիշել 2012 թվականին Ճապոնիա կատարած իր այցը և հանդիպումները Կայսր Ակիհիտոյի ու երկրի բարձրագույն ղեկավարության հետ, որոնք Նախագահի գնահատմամբ, անցել են փոխվստահության և ջերմ մթնոլորտում:

Զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են արձանագրել վերջին տարիներին Հայաստանի և Ճապոնիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման դրական դինամիկան: Հանրապետության Նախագահը նշել է, որ 2010 թվականին Հայաստանում և 2015 թվականին Ճապոնիայում դիվանագիտական ներկայացուցչությունների բացմամբ նոր հնարավորություններ բացվեցին երկու երկրների միջև բարեկամության և գործընկերության հետագա զարգացման համար: Կողմերը համակարծիք են եղել, որ վերջին շրջանում զգալի ակտիվացած փոխադարձ այցերը վկայում են հայ-ճապոնական գործընկերային հարաբերությունների ընդլայնման փոխադարձ պատրաստակամության մասին:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրների միջև միջխորհրդարանական համագործակցության, առևտրատնտեսական, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, տարերային աղետների կանխարգելման և ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում հարաբերությունների խորացման հնարավորություններին և ծրագրերին:

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կառավարությանը Հայաստանի զարգացման գործում շարունակական աջակցության համար՝ վարկային, դրամաշնորհային, տեխնիկական աջակցության ու այլ ծրագրերի միջոցով: