Կառավարության հունիսի 29-ի նիստը վարել է Սերժ Սարգսյանը: Այդ երևույթը նոր կամ բացառիկ չէ, քանի որ նոր կառավարության ձևավորման կամ կառավարության ծրագրի հաստատման պարագայում Սերժ Սարգսյանն է, այսպես ասած, տալիս մեկնարկը: Միաժամանակ, սակայն, հասկանալի է, որ ներիշխանական ներկայիս իրողությունների և 2018 թվականին` նախագահի պաշտոնաթողության ու կառավարման մոդելի արդեն լիարժեք փոփոխության ֆոնին, Սարգսյանի մասնակցությունը կառավարության նիստին ստանում է առանձնահատուկ բնույթ: Սերժ Սարգսյանը նշել է, որ կառավարության ներկայիս կազմը՝ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, վայելում է իր ու ամբողջ քաղաքական թիմի լիակատար վստահությունը: Հենց այս նախադասությունն էլ բացահայտում է Սարգսյանի այսօրվա այցի իմաստը, նպատակը: Ըստ ամենայնի, ներհամակարգային հակասություններն ու ճաքերն այնպիսի մասշտաբ ունեն, որ կաթվածահար են անում իշխանության գործունեությունը, և անհրաժեշտ է դարձել, որ Սարգսյանը ներիշխանական ստատուս քվոն պահպանելու ուղղությամբ նման հայտարարություններ անի: Հակառակ պարագայում` Սարգսյանի խոսքը նույնիսկ ժամանակավրեպ է հնչում, որովհետև եթե կառավարության ծրագիրն արդեն հաստատվել է խորհրդարանում, ապա դա ինքնին քաղաքական թիմի միասնականության ցուցադրություն է, դրսևորում: 

Սարգսյանն իր ելույթում, սկզբունքորեն, պատասխան տվեց հայաստանյան ներքին քաղաքականության ամենաինտրիգային հարցին, թե ով է ղեկավարելու գործադիր իշխանությունն անցումային փուլից հետո՝ 2018 թվականից: Նախագահը շեշտեց. «Կառավարության ներկայիս կազմը՝ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, վայելում է իմ և մեր ամբողջ քաղաքական թիմի լիակատար վստահությունը»: Սրանից կարող ենք եզրակացության հանգել, որ 2018 թվականին կառավարության ու վարչապետի փոփոխություն չի լինի: Այլապես Սարգսյանի նման հայտարարություն չէր անի, այլ արդեն իսկ այսօր նախադրյալներ կստեղծեր հաշված ամիսներ անց կառավարությանը չիրականացված նպատակների համար մեղադրելու և, վերջին հաշվով, վարչապետի հրաժարականին հասնելու համար: Ավելին՝ Սերժ Սարգսյանն իր խոսքի վերջում մինչև 2022 թվականը կառավարության ծրագրի իրագործման հարցում շեշտել է. «Հավատում եմ, որ կառավարությունը՝ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, կարող է դա ամբողջովին անել»:

Սկզբունքորեն պարզ է դառնում, որ Սերժ Սարգսյանը կհետևի 2014 թ. ապրիլի10-ին սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ հնչեցված խոսքին. «Պաշտոնապես հայտարարում եմ, որ ես` Սերժ Սարգսյանս, այլևս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնի համար … չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին»: Սակայն նման իրավիճակում, երբ Հայաստանի ներքին քաղաքականության հիմնական ճարտարապետը հենց Սերժ Սարգսյանն է ի՞նչ գործառույթ է վերջինս ստանձնելու:

Այս հարցի պատասխանը ևս Սարգսյանը ելույթից պարզ է դառնում:  Նման լիազորութուններ իր ձեռքում պահելու համար Սերժ Սարգսյանն ունի երկու հիմնական խաղաքարտ. Լինելով խորհրդարանական բացարձակ մեծամասնություն կուսակցության ղեկավար՝ Սերժ Սարգսյանը ցանկացած պաշտոնյայի, այդ թվում գործադիրի ղեկավարի համար դառնում է «դամոկլյան սուր», որը կարող է ցանկացած պահի «քաղաքական գլուխներ թռցնել»: Ունենալով վերահսկելի ընդդիմություն՝ Սարգսյանը կարող է ցանկացած պահի օրակարգ իջեցնել ցանկացած պաշտոնյայի լիազորությունների չարաշահման հարցը, ինչը «սուրը» գործածելու հիմք կդառնա:

Ստելլա Խաչատրյան