Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան է եկել ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը` անձամբ հետևելու տիրող իրավիճակին:

Լրագրողների հետ զրույցում Արա Զոհրաբյանը նշեց, որ չի կարելի փաստաբաններին նվաստացնել: Նա նաև հայտնեց, որ դիմելու է դատական դեպարտամենտ, որպեսզի համապատասխան զննության սարք տեղադրվի Շենգավիթի դատարանում՝ կարծիք հայտնելով, որ խնդիրը որոշ չափով կլուծվի:

Նա անդրադառնալով մի խումբ փաստաբանների խուզարկությունների դեպքերին, ներկայացրեց զննության և խուզարկության տարբերությունը՝ ընդգծելով, որ փաստաբանին կարող են զննել, բայց ոչ խուզարկել:

«Զննությունն այն գործողությունն է, երբ զննողը միայն տեսանելի օբյեկտներն է դիտարկում, այսինքն, ինչը տեսնում է առանց միջամտության, ոչ թե պայուսակը ձեռքով բացում է, որ տեսնի: Ձեռքը պայուսակի մեջ տանելն արդեն խուզարկություն է, քանի որ ստացվում է՝ նա միջամտեց, բայց, եթե օրինակ, դատական կարգադրիչը խնդրում է, որ պայուսակը բացեն, որպեսզի տեսնի, քանի որ ազդանշան է եղել, եթե փաստաբանը ինքնակամ բացեց պայուսակը, դա նույնպես շարունակում է զննություն մնալ: Բայց եթե փաստաբանը չբացեց պայուսակը, կարգադրիչն իրավունք չունի ինքը բացելու և ինքը նայելու, քանի որ դա արդեն կլինի արգելված խուզարկություն»,- ասաց Զոհրաբյանը:

Նա նշեց նաև՝ շատ կարևոր է, որ փաստաբանների զննությունը չլինի խտրական վերաբերմունքի հետևանք. «Փաստաբանները չպետք է խտրական վերաբերմունքի արժանանան, չի կարելի նվաստացնել նրանց: Այդ դեպքում պետք է զննել նաև դատախազին: Չպետք է ասել՝ պայուսակդ բացի, դրամապանակդ բացի, դա խոցում է մասնագիտական արժանապատվությունը»,- նշեց նա՝ ավելացնելով, որ հակառակ դեպքում կստացվի, որ օգտագործում են փաստաբանին ճնշելու գործիք:

Զոհրաբյանն ընդգծեց, որ Փաստաբանների պալատի արագ արձագանքման հանձնախումբը և ինքն էլ խորհրդի մի քանի անդամի հետ՝ այցելել են Շենգավիթ դատարան, որպեսզի տեսնեն, թե ինչ իրավիճակ է:

Սոնա Հարությունյան