Ծննդյան օրվա առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորանքներ և բարեմաղթանքներ է ստանում օտարերկրյա պետությունների ղեկավարներից, միջազգային կազմակերպությունների, պետական և հասարակական հատվածի ներկայացուցիչներից, անհատներից:

Հանրապետության Նախագահին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

«Մեծարգո՛ Նախագահ,

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու ջերմ շնորհավորանքներն ենք բերում Ձեզ՝ Ձեր ծննդյան տարեդարձի առիթով:

Երկար տարիներ հայոց ազգային, պետական կյանքի անդաստանում նվիրյալ ծառայությամբ Դուք վկայել եք Ձեր անվերապահ նվիրումն ու սերը՝ հանդեպ հայրենի մեր երկիրն ու աստվածասեր մեր ժողովուրդը: Անկախության առաջին տարիներից ի վեր ինչպես Արցախում, այնպես և Հայաստանում զբաղեցնելով տարբեր պաշտոններ, Դուք նախանձախնդիր ջանքեր եք բերել՝ հանուն մեր ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների լուծման, դժվարությունների հաղթահարման և Արցախյան խնդրի կարգավորման: Այսօր էլ Հայաստանի Հանրապետության Նախագահի պատասխանատու պաշտոնում Դուք շարունակում եք Ձեր հարուստ փորձառությունն ու հմտությունները ծառայեցնել՝ ի նպաստ մեր հայրենիքի զարգացման ու առաջընթացի և մեր ժողովրդի խաղաղ կյանքի ապահովման:

Միածնի Իջման սուրբ վայրից Մեր աղոթքն ենք վերառաքում առ Բարձրյալն Աստված, որ Տերը զորակից լինի Ձեզ և բարի արդյունքներով բարեզարդի Ձեր առաքելությունը: Թող Աստված օրհնի Ձեզ և սիրեցյալ Ձեր ընտանյաց անդամներին՝ շնորհելով ամենքիդ քաջառողջություն և երկնապարգև ամենայն բարիք»,- ասված է Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձում: