Ադրբեջանը Հայաստանի և հայկական հարցերի վերաբերյալ իր որդեգրած քաղաքականությունն առավել ակտիվ շարունակելու և միջազգային հարթակներում իր հեղինակազրկված իմիջը բարձրացնելու համար վարձել է լոբբիստական և PR չորս ընկերություններ, որոնք պետք է իրականացնեն ուսումնասիրություններ՝ նպաստելով նաև դրանց տարածմանը:

Ակնհայտ է, որ այդ ընկերությունները շատ շուտով լոբբիստական գրոհ կսկսեն ընդդեմ Հայաստանի և Արցախի՝ ադրբեջանական քարոզչամեքենան ուղղելով նաև սփյուռքի մեր հայրենակիցների դեմ: 

Ազգային ժողովի պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց, որ Ադրբեջանի կողմից նման աշխատելաոճը մեզ համար նորություն չէ, և մենք պարտավոր ենք հակադարձել դրան. «Պարտավոր ենք քաջ գիտակցել, որ ստեղծված իրավիճակում Ադրբեջանը շարունակելու է իր լոբբիստական գործունեությունը, որը միշտ չէ, որ օրինական է և ավելին՝ շատ հաճախ ապօրինի  է, և կաշառք է հիշեցնում՝ կաշառք տալու և բաշխելու մեխանիզմ է իրենից ենթադրում, ոչ թե սպիտակ ձևով հանրային կարծիքի ձևավորում»,-նշեց պաշտոնյան՝ հավելելով, որ Ադրբեջանն ունի բազմաթիվ արտաքին և ներքին խնդիրներ և այդ խնդիրների քողարկման համար շատ մեծ միջոցներ կծախսի հատկապես եվրոպական քաղաքական հարթակներում:

Ստեղծված իրավիճակում հայկական լոբբին առավել ակտիվ ո՞ր հարթակներում պետք է գործի հարցին ի պատասխան՝ Արմեն Աշոտյանը նշեց, որ առաջնայինը խորհրդարանական է. «Բայց պետք է խորհրդարանական հարթակը դիտարկենք քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների և փորձագիտական հանրույթի հետ աշխատելու հնարավորություն՝ կարևորելով նաև եվրոպական մեդիատարաքծում մեր ակտիվությունը»:

Նշնենք, որ Ադրբեջանի կառավարության համար աշխատում են հետևյալ լոբբիստական ընկերությունները՝  Podesta Group, Inc-ին, որին Ադրբեջանը վճարում է ամսական 45 հազար դոլար:

 Roberti White ՍՊԸ-ն՝ ամսական 125 հազար դոլար աշխատավարձով:

Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատունը ամսական 50 հազար դոլար վճարում է BGR Government Affairs ՍՊԸ-ին, իսկ Լոս Անջելեսում գտնվող Ադրբեջանի հյուպատոսությունը 35 հազար դոլար վճարով վարձել է Tool Shed Group ընկերությանը, որը ներկայացնում է Ադրբեջանի Հանրապետությունը: 

Աղավնի Սուքիասյան