Ցավոք սրտի, ինչպես ցույց են տալիս մի շարք անկախ վերլուծություններ ու միջազգային մեծ հռչակ վայելող կազմակերպությունների կողմից հրապարակված ցուցանիշներ, Հայաստանին ոչ մի կերպ չի հաջողվում կոռուպցիայի դեմ պայքարում որևիցե հաջողություն գրանցել:Ու, չնայած հատկապես վերջին տարիներին կողքից կարող է թվալ,թե մեր երկրում ամեն բան հրաշալի է,իսկ պետությունն էլ ճիգ ու ջանք չի խնայում  այդ մեծագույն ժանտի դեմ պայքարելու`այդ նպատակով նույնիսկ տարբեր վերամբարձ անուններով հանձնաժողովներ ու մարմիններ ստեղծելով, փաստը մնում է փաստ,որ այս հարցում «սայլը տեղից ոչ միայն չի շարժվում,այլև հետ է ընթանում`գլորվելով ձորը»:

Այսպես`պազվում է հեղինակավոր «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ը հրապարակել է «Կոռուպցիայի ընկալման համաթիվ» կոչվող զեկույցը,որից պարզ է դառնում,որ հատկապես վերջին տարիներին մեր երկրում կոռուպցիան միայն սրընթաց կերպով աճ է գրանցում. 2016 թվականին Հայաստանը գրանցել է 33 միավոր, 2015-ին` 35, 2014-ին էլ 37` արդյունքում 95-րդ տեղից նահանջելով 115-րդ տեղ: Ճիշտ է` զեկույցում հրապարակված մեզ քաջածանոթ ու Հայաստանի համար հաճախ որպես յուրատեսակ չափորոշիչ հանդես եկող երկրների դիրքերն էլ առանձնապես երևելի չեն,սակայն պետք չէ մոռանալ,որ գոնե այդ երկրներում իշխանությունները մի փոքր ավելի համեստ են ու չեն փորձում կոռուպցիայի դեմ հանդես եկող անխոնջ մարտիկների տպավորություն թողնել`հակառակ մերոնց:

Իսկ այս ամենը կարող է ընդամենը հանգեցնել միակ տրամաբանական եզրակացության. Հայաստանում որքան շատ են խոսում կոռուպցիայի դեմ պայքարելու անհրաժեշտության մասին, որքան շատ են հակակոռուպցիոն մարմիններ ստեղծում, ընդունում համապատասխան օրենքներ և այլն,այնքան երևույթն է՛լ ավելի մեծ առաջընթաց է գրանցում իր ակտիվում: Առաջարկ` իշխանություններին` իսկ միգուցե արժեր ավելի շատ գործե՞լ, քան խոսել… գոնե այդպես զուր հույսեր չէինք փայփայի. ժողովրդի հետ ազնիվ է պետք լինել:

 

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ