Եվրոպայի խորհրդի խորհրդարնական վեհաժողովի նախագահ Պեդրո Ագրամունտի շուրջ տեղի ունեցող իրադարձություները կարծես հետզհետե բավական հետաքրքրական երանգներ են սկսում ձեռք բերել: Ինչպես հայտնի է, արդեն տևական ժամանակ է, ինչ հայկական կողմը փորձում է Ագրամունտի պաշտոնանկությանը հասնել` դրա համար չխնայելով ոչինչ: Եթե կարելի է ասել, այսօր ԵԽԽՎ հայկական պատվիրակության գործունեության հիմնական ուղղությունը հենց Ագրամունտն է` այն հակահայ հայացքներ ունեցող եվրոպացի չինովնիկը, որը հասցրել է ադրբեջանցիների մեծ բարեկամի համբավ ձեռք բերել: Իրականում այս հարցը չափազանց խորքային է. դրանում մեծ է աշխարհաքաղաքականության տոկոսայնությունը: Միանշանակորեն կարելի է ասել, որ եվրոպացիները փորձում են Ագրամունտին դարձնել մահակ Հայաստանի գլխին` այդպիսով ենթարկելով մեզ յուրատեսակ շանտաժի: Բոլորին էլ հասկանալի է, որ ԵԽԽՎ-ի պես կարևորագույն կառույցում բացահայտ հակահայկական հայացքներով ներշնչված մարդու նախագահությունը ոչ մի կերպ չի կարող բխել հայկական կողմի շահերից, ու եթե Ագրամունտը շարունակի մնալ իր պաշտոնում, ապա առնվազն այդ միջազգային ատյանում հայկական կողմի շահերը` հասնելու ճշմարտության հաղթանակին, նվազելու են, ու Ադրբեջանի համար ստեղծվելու է լավագույն միջավայր` իր ստերն առաջ մղելու, ԵԽԽՎ-ն հակահայկականության անգերազանցելի հարթակի վերածելու:

Ինչպես հայտնի է, Ագրամունտին անվստահություն էր հայտնել 158 պատվիրակ, որոնք ներկայացնում են 5 քաղաքական խմբեր և 36 ազգային պատվիրակություններ: Պարզվում է, սակայն, որ համապատասխան միջնորդությունը դրվելու է քվեարկության միայն հոկտեմբերի կեսերին, ինչը, փաստորեն, պայմանավորված է  օրերս փոփոխված կանոնակարգով:  Այս ամենում, սակայն, ամենանշանակալի պահը քվերկության ժամկետն է: Չմոռանանք, որ հենց աշնանն է նախատեսվում շրջանակային համաձայնագրի ստորագրումը Հայաստանի ու ԵՄ միջև, որում մեծապես շահագրգռված է Եվրոպան, որ այդկերպ փորձում է ինչ-որ կերպ հակակշռել ՌԴ-ին: Խնդիրն էլ հենց այն է, սակայն, որ եվրոպացիները մինչև վերջ վստահություն չունեն, որ Հայաստանն իր մեջ ուժ կգտնի` սեղմելու ԵՄ պարզած ձեռքն ու վերջնականապես կստորագրի նախաստորագրված համաձայնագիրը: Իսկ սա նշանակում է, որ եվրոպացիներին ինչ-որ լծակ է անհրաժեշտ` ստիպելու Հայաստանին գնալ այդ քայլին. լծակի դերում էլ հենց հանդես է գալիս Պեդրո Ագրամունտը, ու ոչ ոք չի կարող կասկածել, որ եթե Հայաստանից եկող ազդանշանները չբավարարեն Եվրամիությանն, ապա հայկական պատվիրակության բոլոր ջանքերը` հասնելու Ագրամունտի պաշտոնանկությանը, ջուրն են ընկնելու, ավելին`  ճիշտ հակառակ ազդեցությունն են ունենալու` Հայաստանին կանգնեցնելով բարդ երկընտրանքի առաջ: Հասկանալի է, չէ՞, որ եվրոպացիները միայն Ագրամունտի կարիերայի աճի խնդիրը լուծելով չեն բավարարվելու. սահմանային սրացումները կարող են վերածել ապրիլյան դեպքերի կրկնության: Ի՞նչ է մնում մեզ` հայերիս անելու:

Մնում է մեկ բան` գործադրել տիտանական ջանքեր` համոզելու Ռուսաստանին, որ ԵՄ-Հայաստան հարաբերությունները չեն կարող վնասել Ռուսաստանի շահերին, ու դեռ ավելին`  հենց ՌԴ շահերից է բխում այդ հարաբերություների գոնե որոշակի ջերմացումը` հաշվի առնելով Ալիևի գործոնը: Իսկ թե որքանով կկարողանանք լեզու գտնել ռուսների հետ, կախած կլինի, թերևս, մեր դիվանագիտական կորպուսի պրոֆեսիոնալության աստիճանից. Նալբանդյանն իրավունք չունի հիասթափեցնելու…  

 Դավիթ ԲԱԲԱՆՈՎ