Ինչպես հայտնում է ԱՄՆ հայ դատի հանձնախումբը, ԱՄՆ սենատում դեմոկրատների առաջնորդ Չակ Շումերն իր աջակցությունն է հայտնել Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևին։ Նա կոչ է արել՝ վերջ դնել Թուրքիայի կառավարության ժխտողականության քաղաքականությանը միջազգային հանրության մասնակցությանը: 

Շումերը նշել է, որ բոլոր երկրները պետք է ճանաչեն Հայ ժողովրդի նկատմամբ 102 տարի առաջ տեղի ունեցած սարսափելի ցեղասպանությունը․ «Իմ սրբազան պարտքն է բարձրաձայնել անցյալի սարսափելի իրադարձությունների մասին, ինչպես նաև խոսել նրանց դեմ, ովքեր չեն կարողանում այդ մասին խոսել, և այդ պատճառով ես հպարտորեն իմ ստորագրությունն եմ դնում Սենատի այս բանաձևի տակ: Ես կանգնած եմ ողջ աշխարհի հայ համայնքի հետ՝ հայ ժողովրդի դեմ իրականացված ոճրագործությունները ցեղասպանություն որակելու հարցում»:

Բանաձևը կոչ է անում ԱՄՆ նախագահին՝ աշխատել արդար, կառուցողական, կայուն և տևական հայ-թուրքական հարաբերությունների հաստատման ուղղությամբ, որը կներառի Թուրքիայի Հանրապետության կառավարության կողմից Հայոց ցեղասպանության մասին փաստերի լիարժեք ճանաչումը։ ԱՄՆ արտաքին քաղաքականությունն պետք է արտացոլի Հայոց ցեղասպանության առնչությամբ մարդու իրավունքներին, մարդկության դեմ հանցագործություններին, էթնիկ զտումներին և ցեղասպանությանը վերաբերող հարցերի վերաբերյալ համապատասխան ըմբռնում։

Նշենք նաև՝ սենատոր Շումերը երկար տարիներ շարունակ Հայոց ցեղասպանության ճանաչման ակտիվ աջակից է, ամեն տարի միանում է ամերիկահայերի կազմակերպած Հայոց ցեղասպանության հիշատակման արարողություններին: