Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր Ազգային ժողովում, խոսեով դասագրքերի որակի և բովանդակության մասին, նշեց, որ մեր կրթական համակարգում դասագրքերը չեն նորացվում, որովհետև դասագրքեր գրելու դպրոց մենք չունենք և այս խնդիրը գալիս է դեռ սովետական համակարգից: «Մենք ցանկանում ենք նախ դասագիրք գրող մասնագետներ ունենալ, պլանավորում ենք եվրոպական լիցենզիաները վերցնել և եվրոպական լավագույն դասագրքերը բերենք ու կիրառենք մեր դպրոցներում: Սակայն, այստեղ խնդիր է առաջանալու, որ այդ եվրոպական լավագույն դասագրքերից օգտվող ուսուցիչները պետք է նորից վերապատրաստվեն»:

Նախարարն անդրադարձավ նաև կրթության որակին՝ նշեց, որ Հայաստանն ունի միջին եվրոպական կրթություն, սակայն այսօրվա կրթական որակով մենք չենք կարող մարտահրավերների դիմակայել և մեր դիպլոմները միջազգային համակարգերում դեռևս չեն ընդունվում: 

«Եթե մեր համալսարանները դառնան եվրոպական առանձին համակարգերի անդամ, մեր դիպլոմներն արդեն ճանաչելի կդառնան միջազգային ասպարեզում, սակայն, այստեղ մենք խնդիր ունենք օրենքի հետ, որը մեզ թույլ չի տալիս այլ լեզվով ուսուցում իրականացնելու, ինչը պարտադիր է եվրոպական ճանաչված կրթական համակարգերի կողմից ընդունվելու համար»:

Նախարարը խոսեց նաև ավագ դպրոցների մասին՝ նշելով, որ ավագ դպրոցները կբեռնաթափվեն և այդ աշակերտները կուղղորդվեն միջին մասնագիտական կրթության:

Նախարարը խոսեց նաև կրկնուսույցների ինստիտուտի մասին, շեշտելով, որ դրա  նպատակն է երեխաներին պատրաստել բուհ ընդունվելու համար և եվրոպական դպրոցներում ևս կրկնուսույցներն աշխատում են, ունեն լիցենզիաներ և վճարում են հարկեր: