2016 թ. բյուջեի կատարողականի քննարկմանը, այսօր՝ հունիսի 3-ին, ԵԼՔ դաշինքի պատգամավոր Մանե Թանդիլյանը խոսեց ապօրինի ծառահատումների մասին:

Պատգամավորը Բնապահպանության նախարար Արծվիկ Միանասյանին հարցրեց՝ ի՞նչ միջոցառումներ են իրականացնում ծառահատումները կանխարգելելու համար: Նախարարը ասաց, որ պահպանությունը երկու մակարդակով է իրականացվում՝ մի կողմից անտառային տնտեսությունների հսկողության համակարգն է պահում, մյուսը նախարարության վերահսկման ծառայությունն է իրականացնում, որը չունի կանխարգելիչ ֆունկցիա:

Նա նշեց, որ այսօրվա կարգը բավարար չէ անհրաժեշտ վերահսկողության համար, և այս ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում:

«Մյուս կարևոր ուղղությունը քաղաքականության մեջ փոփոխությունն է, որ ճնշումն անտառների նկատմամբ թուլացվի՝ պայմանավորված մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով: Ազգաբնակչությունը փայտանյութի կարիք ունի, և դա փաստ է, որ այն տասնյակ անգամ գերազանցում է օրինական ծառահատումների ծավալներին: Այս իմաստով խրախուսվում է փայտանյութի ներմուծումը, անտառամերձ բնակիչների համար խնայող տեխնոլոգիաների տրամադրումն է դիտարկվում»,- ասաց նախարարը:

Նրա խոսքով՝ ՀՀ անտառներից պետք է բիզնեսը հանել. «Մեր անտառները բիզնես անտառներ չեն փայտանյութի առումով, բայց, իհարկե ցանկացած բիզնես էկոլոգիական ուղղությամբ կարող է դիտարկվել»,- հավելեց նա:

Մանե Թանդիլյանը հարց ուղղեց նաև Սևանի ջրի որակի հետ կապված՝ արդյոք ստուգում իրականացվո՞ւմ է, և որքան է թույլատրելի մագնեզիումի չափը:

Անդրադառնալով հարցին՝ Մինասյանը նշեց, որ մշտադիտարկումներ են անում, և ցուցանիշները կարող է ներկայացնել: