Գիտնականների պնդմամբ՝ ընդամենը մի քանի տասնամյակ հետո քաղցրահամ ջուրը՝ խմելուն պիտանի, վերածվելու է համաշխարհային քաղաքականության մեջ կարևորագույն գործոնի. ապագա պատերազմները մղվելու են հենց այդ կարևորագույն հեղուկի համար:

Հայաստանը խմելու ջրի պաշարներով, բարեբախտաբար, բավական հարուստ երկիր է ու, ինչպես նույն գիտական վերլուծություններն են փաստում, եթե մեզ հաջողվի մեր երկրի տարածքում առկա քաղցրահամ ջրերի պաշարներն օգտագործել խելամտորեն, ապա ապագայում Հայաստանը շեշտակիորեն կկարողանա ավելացնել իր կշիռն աշխարհում՝ անխտիր բոլոր առումներով:

Այս իմաստով, Սևանա լճի ճակատագիրը Հայաստանի համար խիստ ռազմավարական նշանակության հարց է. կորցնելով Սևանը՝ Հայաստանը դատապարտելու ենք անապատականացման:

Հայաստանում չափազանց մեծ աղմուկ է բարձրացրել կառավարության՝ Սևանից լրացուցիչ ջրառի նախագիծը. նախատեսվում է 100 մլն խմ-ով ավելացնել լճից բաց թողնվող ջուրը: Կարծիքները, որոնք հնչում են այս ամենի հետ կապված, միմյանց հակասող են. կարծիք կա, որ Սևանի մակարդակի բարձրացումը կասեցնելու՝ Կառավարության ձգտումը պայմանավորված է բացառապես ափամերձ հանգստյան գոտիներին վնաս չհասցնելու հետ. մարդկանց բիզնեսը վեր է ցանկացած բնապահպանական խնդրից, հետևաբար, Սևանը ուղղակի զոհում են ոմանց գրպանային շահերին: Ոմանք էլ վստահ են, որ Սևանա լճից լրացուցիչ 100 մլն խմ ջուր բաց թողնելու և այն օրենքով նախատեսված 170 մլն խմ-ից 270 խմ-ի հասցնելու կառավարության  նախագիծն ընդամենը մեկ նպատակ ունի՝ նպաստել  «Սևան-Հրազդան կասկադի»  աշխատանքին. ամառային սեզոնին ջրի սակավության պատճառով խնդիր է առաջանում Սևանից լրացուցիչ ջրի բացթողնման:

Ինչևիցե, ինչպիսին էլ լինի նախագծի իրական նպատակն, արդեն բնապահպանները հասցրել են ահազանգել դրա՝ բնապահպանական տեսանկյունից չափազանց ռիսկային լինելու փաստը: Նրանց համոզմամբ՝ քայլն իսկական ոտնձգություն է Սևանի հանդեպ ու վտանգում է Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող լիճը:

Արդեն հայտնի է դարձել, որ Ազգային ժողովում Սևանա լճից օրենքով սահմանված 170 մլն խմ ջրի փոխարեն մինչեւ 270 մլն խմ ջրառ անելու մասին Կառավարության որոշումն առաջին ընթերցմամբ ընդունվել է: Ի դեպ՝ այստեղ բավական հետարքրիր պատկերի ենք ականատես դառնում. ընդդիմադիր ուժերից միայն ԵԼՔ-ն է դեմ քվեարկել իշխանական այս նախագծին, չնայած՝ դիցուք՝ «Ծառուկյան» դաշինքից ևս բազում քննադատություններ են հնչել նախագծի հետ կապված: Թե որն է դաշինքի կողմից իշխանական վիճելի նախագծին կողմ քվերակելու պատճառներն, իհարկե, հարց է, բայց այն, որ որ այս խնդրում ևս ԱԺ ընդդիմադիր ուժերի միջև կոնսենսուսի ականատես չդարձանք, մտահոգության տեղիք չի կարող չտալ…


Դավիթ ԲԱԲԱՆՈՎ