Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանի խոսքով՝ ՆԱՏՕ-ի դաշինքը սպառնակիք չէ Հայաստանի համար եւ այս առումով՝ Հայաստանը պետք է իրատեսական ձգտումներ ձեւավորի.

«Հայաստանը ՆԱՏՕ-ի համար վստահելի է եւ աչքի է ընկնում որպես հաստատուն գործընկեր: Պետք է նշեմ, որ սա հակառուսական դաշինք չէ»,- նշեց քաղաքագետը, կարեւորելով ՆԱՏՕ-ի դերակատարումը Արցախի հակամարտության հարցում:

Նրա համոզմամբ՝ Հայաստանը որպես ԵՏՄ անդամ եւ ռուսական ռազմաբազա ունեցող երկիր, կարող է Հայաստան-ԵՏՄ-ՆԱՏՕ կամուրջ հանդիսանալ: Քաղաքագետը կարեւորեց նաեւ մի առանցքային խնդիր, շեշտելով, որ Հայաստանում գոյություն ունեցող բոլոր թերությունների, արցախյան հակամարտության հարցում այս կամ այն տարբերակի համար պետք չէ մեղադրել ոչ ՆԱՏՕ-ին, ոչ էլ ԵՏՄ-ին:

«ՆԱՏՕ-ն ընդամենը կարեւոր գործընկեր է, որը կարեւոր գործիքներ է տալիս առկա խնդիրները լուծելու համար ու թե որքանով կարող է Հայաստանն այդ գործիքներն օգտագործել հօգուտ իրեն, կախված է միայն Հայաստանից»,-նշեց քաղաքագետը: