Հայաստանում եղանակային բարձր ջերմաստիճանն իր բացասական ազդեցությունը կթողնի բերքի վրա այն առումով, որ հողում եղած խոնավությունն արագ կգոլորշիանա, իսկ բույսի նորմալ կենսունակությունը և զարգացումն ապահովելու համար անհրաժեշտ է լինելու լրացուցիչ ոռոգում: Այս մասին ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը: Նրա խոսքով՝ բարձր ջերմաստիճանի (+30-ից բարձրի) դեպքում բույսերի աճը կանգ է առնում, ինչը նշանակում է, որ բույսն աճում է օրվա միայն այն ժամերին, երբ ջերմաստիճանը +30-ից ցածր է. դա ազդեցություն կունենա բերքի վրա:

«Անջրդի տարածքներում, որտեղ տեղումներ չեն եղել և ջերմաստիճանը բարձր է, կունենա իր բացասական ազդեցությունը, ինչպես օրինակ՝ ցորենի հատիկի խոշորության, այնպես էլ հատիկի ձևավորման վրա: Չեմ կարող ասել, որ երաշտ է սպասվում, քանի որ դրա ձևակերպումն այլ է, բայց ամեն դեպքում ունենք լուրջ խնդիր բոլոր տարածաշրջաններում»,- ասաց Հարությունյանը՝ հավելելով, որ հիդրոմետից ստացված տեղեկանքի համաձայն, լավն այն է, որ հուլիսի 6-ից Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնում սպասվում են անձրևներ, իսկ մյուս մարզերում էլ ջերմաստիճանի իջեցում:

Փոխնախարարը նշեց, որ այցելել է Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանի մոտ մեկ տասնյակից ավելի համայնքներ, դաշտերում ուսումնասիրություններ կատարել և այս պահին սպասում են, որ տեղումներ լինեն, քանի որ դրանք հիմնականում անջրդի տարածքներ են և տեղումների շնորհիվ որոշակի առումով հնարավոր կլինի բերքը փրկել:

«Իսկ ընդհանուր առմամբ պայմանավորվածություն ունենք, որ բերքահավաքից առաջ մեկ անգամ ևս ուսումնասիրություն անենք, որպեսզի կարողանանք վնասները գնահատել: Հնարավոր է մեր բնությունն օգնի այդ հարցը կարգավորել: Հարկավոր է մի քանի օր համբերել՝ հասկանալու համար, թե վերջնական ինչ է կատարվում»,- ասաց գյուղնախարարի տեղակալը:

ԱԻՆ Հիդրոմետ ծառայության տվյալներով՝ հուլիսի 5-ին հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, հովտային գոտիներում ցերեկը կանխատեսվում է մինչև 40 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն բարձր է նորմայից 5-6 աստիճանով:Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:

Իսկ հուլիսի 6-ին, 8-9-ը հատկապես հյուսիսային շրջաններում, 10-ին Սյունիքում և Արցախում, 7-ին շրջանների զգալի մասում  երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ, քամու ուժգնացում՝ 18-23մ/վ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանը 6-9-ը կնվազի 4-6 աստիճանով: