Կարեն Կարապետյանի կառավարության բրենդային քայլերից մեկն էլ, եթե հիշում եք, ՊՈԱԿ-ների կրճատումը դարձավ. վարչապետ նշանակվելուց շատ կարճ ժամանակ  անց  Կարապետյանը, խնայողություններ կատարելու անվան տակ՝ բազմաթիվ ՊՈԱԿ-ներ կրճատեց: Նրա այդ քայլը ոչ միանշանակ արձագանքի արժանացավ հասարակության կողմից, քանի որ փաստացի տեղի էր ունենում յուրատեսակ ջարդ՝ դրանից բխող սոցիալական բոլոր անցանկալի հետևանքներով հանդերձ:

Սակայն մի յուրահատկությամբ ևս Կառավարությունը կարծես աչքի է ընկնում. Կարապետյանը ձեռնամուխ է եղել նոր կառույցների ստեղծմանը, ընդ որում՝ այնպիսիների, որոնց ղեկավարներն անձամբ իր կողմից վերահսկվող մարդկանց ղեկավարության ներքո են աշխատում ու որոնցում աշխատավարձերն, ի տարբերություն նույն տխրահռչակ ՊՈԱԿ-ների, չափազանց բարձր են. նույնիսկ միլիոններ ստացողներ կան:

Պարզվում է՝ ՊՈԱԿ-ների՝ միառժամանակ առաջ դադարեցված «կոտորածը» կարող է վերսկսվել առաջիկայում. նախատեսվում է գործընթացի շարունակություն՝ այս անգամ ևս, ըստ էության, խնայողություններ անելու անվան ներքո: Սրան զուգահեռ էլ, ասում են՝ նախատեսված է նոր հիմնադրամների հիմնում: Կարճ ասած՝ նպատակ է դրված ՊՈԱԿ-ների գումարներն ուղղորդել այլ ուղղությամբ՝ ստեղծելու նոր հիմնադրամներ, որոնք դեռևս հայտնի էլ չէ, թե ինչին են ծառայելու:

Հարց է առաջանում ՝ ո՞րն է նոր հիմնադրամներ բացելու իմաստն այն պարագայում, երբ կյանքը բազմիցս է ապացուցել, որ դրանք մեզանում ընդամենը կոռուպցիոն ռիսկեր ծնող կառույցներ են, ու ստացված օգուտն էլ խիստ հարաբերական է: Կամ՝ ի՞նչ իմաստ ունի խնայողությունների անվան տակ ՊՈԱԿ-ներում խիստ համեստ աշխատավարձ ստացող մարդկանց թողնել անաշխատանք ու դարձնել պոտենցիալ արտագաղթող, երբ դրան զուգահեռ՝ գոյություն ունեն իրենց աշխատողներին ֆանտաստիկ բարձր աշխատավարձեր տվող հիմնարկներ, որոնց ՕԳԳ-ն խիստ կասկածելի է: Խնայողական ռեժիմը, ենթադրում ենք՝ պետք է տարածվի ոչ միայն ՊՈԱԿ-ների վրա, այլև մյուս բոլոր հաստատաությունների: Այնպես չէ՞: Բայց ոչ, թիրախում հենց ՊՈԱԿ-ներն են: Հարց՝ ինչո՞ւ…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ