Կառավարության հուլիսի վեցի նիստի ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ ընտանիքների անապահովության գնահատման համակարգին՝ նշելով, որ այն բավարար արդյունավետ չէ։

«Այն հիմնականում պայմանավորված է համակարգում անհրաժեշտ տեղեկատվության բացակայությամբ։ Առկա իրավիճակի կանոնակարգման նպատակով համարում ենք անհրաժեշտ՝ անապահովության գնահատման գործընթացում ուսումնասիրել և հաշվի առնել համապատասխան անձանց  բանկային գործարքների, ինչպես նաև գույքային իրավունքների հետ կապված ամբողջական տեղեկությունները», - ասաց վարչապետը։

Կարեն Կարապետյանը հանձնարարեց  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ Կենտրոնական բանկի նախագահի հետ մեկամսյա ժամկետում համատեղ քննարկել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անձանց բանկային գործարքների մասին տեղեկատվություն տրամադրելու հնարավորությունը ու կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ։

Կարեն Կարապետյանը Տարածքային կառավարման ու զարգացման նախարարին, ՀՀ մարզպետներին, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին հանձնարարեց, իսկ Երևանի քաղաքապետին առաջարկեց երկամսյա ժամկետում ամփոփել և  արդիականանցել անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տեղեկատվական շտեմարանում առկա անձանց տվյալներն ու ապահովել դրանց ամբողջական տրամադրումը սոցապնախարարությանը։