Ինչպես հայտնի է, հուլիսի 5-ին Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել՝ որով անուղղակի կերպով, բայց բավական կտրուկ դատապարտել էր հուլիսի 4-ին հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան, ինչը հույս ներշնչեց, որ Հայաստանի ռազմաքաղաքական դաշնակիցը գիտակցել է Բաքվից եկող վտանգի ահավորությունն ու վերջապես պատրաստ է բացահայտորեն հանդես գալ ընդդեմ Բաքվի: Սակայն մեծ քաղաքականությունը մնում է մեծ քաղաքականություն, ու ոչ ոք՝ նույնիսկ գերտերությունները չեն կարող հրաժարվել դրանում հաստատված խաղի կանոններից՝ չնայած որ այդ կանոնները հաճախ աչքի են ընկնում բացառիկ ցինիզմով:
Ռուս տխրահռչակ քաղաքագետ Սերգեյ Մարկովն, ով համարվում է Կրեմլի ոչ պաշտոնական պրոադրբեջանական խոսնակներից մեկն, արձագանքելով հուլիսի 4-ին տեղի ունեցած դեպքերին, իրեն հատուկ ցինիզմով հանդես է եկել պահանջ-կոչով՝ պատժելու Հայաստանին, համակողմանի ճնշում բանեցնելու Երևանի նկատմամբ և այլն: Մի խոսքով՝ Մարկովի  ցնորամիտ հայտարարությունից տպավորություն է ստեղծվում, թե շփման գծում իրավիճակի սրմանը գնացել են ոչ թե ազերիներն, այլ հայկական կողմը:

Իհարկե, ոչ ոք Մարկովի ադրբեջանասիրության մեջ չի կարող կասկածել, սակայն ակնհայտ է, որ իր այդ արտահայտությամբ Մարկովը փորձել է Կրեմլի ուղերձը հասցնել տեղ, որի իմաստը հետևյալն է՝ ՌԴ ձեռնպահ է մնում Բաքվի հետ որևիցե կամուրջ այրելուց՝ բաց թողմնելով փոխգործակցության դուռը. Ալիևից է կախված, թե Մոսկվան ինչ վերաբերմունք կորդեգրի Բաքվի նկատմամբ:

Հարց է ծագում՝ ինչի՞ արդյունք կարող  է  այս ամենը հանդիսանալ կամ ինչի՞ն է ձգտում Ռուսաստանը, որը չափազանց խրթին իրավիճակում է հայտնվել՝ կանգնելով, ըստ էության, Անդրկովկասից դուրս մղվելու սպառնալիքի առաջ:
Այն, որ պատերազմի վտանգը չափից դուրս մեծ է, այն, որ Ադրբեջանը դեռ վաղուց է նախապատրաստվում հուժկու պատերազմի, վկայում են բավական լուրջ փաստեր. միայն վերջերս Ադրբեջանի կողմից մի քանի խոշոր PR կազմակերպությունների վարձակալության փաստը բավարար է, որպեսզի պարզ դառնար, որ Ալիևի պլանները բավական լուրջ են ու հեռուն գնացող. հսկայական ծախսեր պահանջող այդ քայլը չէր կարող արվել խաղաղություն պահպանելու նպատակով, այլ՝ ճիշտ հակառակը: Իսկ սա իր հերթին նշանակում է, որ Ռուսաստանը, ուզած-չուզած՝ ստիպված է լինելու հաշվի նստել Անդրկովկասում ստեղծված իրողության հետ ու փորձել իրավիճակը ծառայեցնել իր նպատակներին՝ իրավիճակից եթե ոչ շահեկան, ապա գոնե անվնաս դուրս գալու համար. մեծ հաճույքով ՌԴ-ն, իհարկե, կկանխեր վերահաս պատերազմը, սակայն Մոսկվայի խնդիրն այն է, որ չունի ռեալ ճնշման լծակներ ընդդեմ Բաքվի, ինչն էլ ստիպում է Կրեմլին կա՛մ ինչ-որ կերպ սիրաշահել ազերիներին, կա՛մ  ինչ-որ տեղ Ադրբեջանի «թելը թելելով»՝ փորձել իրավիճակը պահել սեփական վերահսկողության ներքո՝ հաճախ անելով քայլեր, որոնք և՛ ընդդեմ Հայաստանի են, և՛ խորքային իմաստով՝ նաև ընդդեմ ռուսական շահերի: Իրականում դժվար չէ հասկանալ, որ կտրուկ դիրքորոշում որդեգրելով Բաքվի նկատմամբ՝ վերջինիս վերջնականապես կմղի Թուրքիայի գիրկը՝ իր համար դրանից բխող բոլոր գերբացասական հետևանքներով հանդերձ (չնայած Ալիևը երբեք էլ դուրս չի եկել Թուրքիայի գրկից. այստեղ հարցն այն է, թե Անկարան որքան ամուր կգրկի Մեհրիբանին...): Հետևաբար՝ փորձում է ինչ-որ կերպ լեզու գտնել Ալիևի հետ՝ միևնույն ժամանակ ոչ մի պատրանք չունենալով:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե ԵԱՀԿ-ն կարող է ապավինել Բելառուսին՝ որպես Եվրոպական տարածաշրջանում անվտանգության դոնորի: «Կան հակամարտություններ այնպիսի տարածաշրջաններում, ինչպիսիք են Ուկրաինան, Լեռնային Ղարաբաղը, Մերձդնեստրը։ Դրանք շատ կարևոր տարածաշրջաններ են, որտեղ մենք պետք է եվրոպական, քաղաքակիրթ ձևով կարգուկանոն հաստատենք»,- ասել է Լուկաշենկոն:

Իրականում հասկանալու համար, թե ինչ  գործ ունի Լուկաշենկոն Արցախի հետ, և կամ ինչ է փորձում հասկացնել նա՝ շեշտելով Բելառուսի դերը խաղաղության պահպանման հարցում, հարկավոր է հասկանալ, թե ում խոսքերն է Լուկաշենկոն փորձում փոխանցել համաշխարհային հանրությանը. Պուտինը Լուկաշենկոյի բերանով իր ծառայություններն է պարտադրում Արևմուտքին՝ Անդրկովկասում խաղաղության պահպանման համար: Ճիշտ է՝ խոշոր հաշվով  հենց նույն Արևմուտքն է կանգնած սրացումների հետևում, սակայն իրավիճակի ողջ հմայքն էլ հենց այն է, որ Արևմուտքն էլ իր հերթին չի կարող բացահայտ հայտարարել իր պլանների մասին: Այնպես որ՝ պատերազմի դեպքում Ռուսաստանի դերն արդեն ուրվագծվում է. այդ երկիրը հանդես է գալու արբիտրի դերում՝ փորձելով կանխել Արևմուտքի դիվանագիտական ակտիվությունն Անդրկովկասում:

Իրականում առաջիկա մի քանի օրերը վճռական են դառնալու տարածաշրջանի համար. ամեն բան կախված է լինելու այն հարցից, թե ինչ կպայմանավորվեն Պուտինն ու Թրամփն իրենց առաջիկա հանդիպմանը: Կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ Ռուսաստանի բոլոր պլանները՝ հեգեմոն դիրքերը պահպանելու մեր տարածաշրջանում, մեկ ակնթարթում փլուզվեն. փորձելով սիրաշահել Ադրբեջանին՝ Մոսկվան ջանում է կանխել իր համար վատթարագույն սցենարը: Կստացվի, թե՝ ոչ, կիմանանք շուտով:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ