ՀՀ ԱԺ ընդիմադիր դաշինքի ղեկավար Նիկոլ Փաշինյանը, ֆուտբոլային լեզվով ասած՝ գեղեցիկ փոխանցում կատարեց Կարեն Կարապետյանի դաշտ, քողարկված աջակցություն հայտնելով Կարեն Կարապետյանին՝ Սերժ Սարգսյանի հետ տարվող ներպալատական կռվում:

Իր ընդարձակ ելույթի վերջում  Փաշինյանը բացահայտ ասաց. ԵԼՔ դաշինքը չի մտնում այն անձանց շրջանակի մեջ, որոնք Սերժ Սարգսյանին «համոզում են» 2018 թվականին ստանձնել ՀՀ վարչապետի պաշտոնը»: Փաշինյանը, մինչ այս տողերն ասելը, հիշեցրեց, որ այդպիսի խոսքեր է ասել նաև վարչապետ Կարեն Կարապետյանը:

Հայտնի գովազդային հոլովակի նման. «Երբ մեր շահերն են համընկնում»: Միամտություն կլինի կարծել, թե Փաշինյանի այս խոսքերը հենց այնպես՝ օդի մեջ ասված խոսքեր էին: Լինելով ընդդիմադիր խմբակցության լիդեր, բնական է, որ Փաշինյանը չէր կարող, օրինակ, ասել. «Պարոն Կարապետյան, մենք Ձեր կողմից ենք»: Եվ քանի որ չէր կարող բացահայտ աջակցել իշխող կուսակցության վարչապետին, Փաշինյանն իր առաջարկությունն արեց քողարկված կերպով:

Վերլուծաբաններն ու քաղաքագետները տարբեր առիթներով արձանագրել են, որ Կարեն Կարապետյանն ըստ էության մնացել է մեն-մենակ՝ պառլամենտի դեմ: Ինքն է ու իր մի քանի տեխնոկրատ նախարարները, իսկ ԱԺ-ում՝ ունի-չունի՝ մի հավատարիմ խորհրդական ունի, որն, ըստ էության՝ ոչինչ անել չի կարողանում:

Նիկոլ Փաշինյանը նուրբ ակնարկ արեց, երևի հասկացնելով, թե. «Պարո՛ն Կարապետյան, Ձեր կուսակցությունը Ձեզ խորհրդարանում չի աջակցելու, բայց ա՛յ մենք՝ Ձեր կողմից ենք»:

Թե ինչ զարգացումներ կունենա Փաշինյան-Կարապետյան՝ այս հեռակա բանակցություններն ու «նամյոկները» ցույց կտա ժամանակը:

Մի հարց նույնպես մնում է օդի մեջ կախված. եթե հանկարծ Կարեն Կարապետյանը մնա վարչապետ՝ 18-ից հետո, հավանակա՞ն է, որ ԵԼՔ-ը կմիանա Կարապետյանի կառավարությանը և կօգնի «առաջընթացին»՝ չխառնվելով «անվտանգության» գործերին:

 Արսեն Սանամյան