Քսանի խմբի տասներկուերորդ գագաթնաժողովը պաշտոնապես մեկնարկել է: Ղեկավարները հավաքվել են առաջին աշխատանքային նիստին:

Ներածական խոսքով գագաթնաժողովի մասնակիցներին է դիմել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Այնուհետեւ հանդիպումը շարունակվել է մամուլի համար փակ ռեժիմով:

Նստաշրջանն սկսվելուց առաջ «քսանյակի» պետությունների եւ կառավարությունների ղեկավարներն անցկացրել են ոչ պաշտոնական բանավեճ: Քանի որ այն վերաբերում էր քաղաքական հարցերին, ապա պաշտոնապես այն չի մտել G20-ի պաշտոնական օրակարգ: Սպասելով գագաթնաժողովի նիստն սկսվելուն՝ տարբեր երկրների ղեկավարները շարունակել են միմյանց հետ հաղորդակցվել «ոտքի վրա»: Մասնավորապես, Ռուսաստանի նախագահը զրուցել է Գերմանիայի կանցլերի հետ:

Ինչպես ավելի վաղ հայտնել է Քսանի խմբում ՌԴ-ի նախագահի ներկայացուցիչ Սվետլանա Լուկաշը, գագաթնաժողովի առաջին պաշտոնական նստաշրջանն ավանդաբար նվիրված է համաժողովի օրակարգի հարցերին՝ գլոբալ տնտեսությանը եւ ֆինանսներին, ինչպես նաեւ առեւտրին: Նրա խոսքով՝ այդ նիստում կքննարկվեն կայուն հավասարակշռված տնտեսական աճի աջակցման թեմաները: Լուկաշը հիշեցրել է, որ այս տարի Գերմանիայի նախագահության գերակայություններից մեկը գլոբալացման, առեւտրի խնդիրներն են: Մասնավորապես, Մերկելն այս տարվա հիմնական գերակայությունների թվում նշել է լուրջ բանավեճը համաշխարհային առեւտրի բնագավառում հովանավորության խնդրի շուրջը:

Լուկաշը ենթադրել է, որ Պուտինն, ամենայն հավանականությամբ, ելույթ կունենա այս նստաշրջանում: Նրա խոսքով՝ Ռուսաստանի պետության ղեկավարը երբեք բաց չի թողնում հնարավորությունն արտահայտվելու գլոբալ տնտեսության եւ ֆինանսների թեմատիկայի շուրջը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: